Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 15:00 18-06-2022

Ճամպրուկը շեմին

Դա պատահում է, երբ բանը բանից անցած է լինում, երբ արդեն սպառված են լինում հայրենիք կոչվող տարածքում ապրելու, ավելի ճիշտ՝ գոյատևելու հնարավոր բոլոր միջոցները: Հետո՝ ավելի ուշ, արդեն վիճակագիր-սոցիոլոգներն այդ պրոցեսին արտագաղթ անունը կտան, միգրացիոն ծառայություններն էլ իրենց ամփոփագրերում կհիշատակեն այդ մասին:

Հարկ է խոստովանել, որ օտար ափերում բախտ որոնելը միայն հայերին չէ, որ բնորոշ է: Միգրացիոն տեղաշարժերն ամենուր են, ուղղակի մեզ մոտ պրոցեսն ավելի նկատելի է դառնում ու ցավագին ընկալվում՝ հայերիս սակավաթվության, փոքր ածու լինելու պատճառով: Ռուսացող խոպանչիների ու յանկիացող մեր հայրենակիցների մասին առաջ շատ ու մեծագույն ցավով էր խոսվում: Նոր ժամանակներում ուժգնացած տարատեսակ խորշակները մոռացնել տվին ամեն ինչ: Ու հիմա ամեն ինչ ընկալվում է սառնասրտորեն, առանց ավելորդ զգացմունքայնության: Ամեն ինչ դիտարկվում է գոյատևման հոլովույթում, արդարացվում ծավալված գոյապայքարի տրամաբանությամբ:

Կենաց-մահու այդ պայքարում էլ ընտանիքներից շատերը զգալի կորուստներ են ունենում: Ոչ թե ֆիզիկական չգոյությունը, այլ պետության կարևորագույն օղակի, ընտանիք կոչվող բջջի տրոհումը նկատի ունեմ: Որքան էլ ցավալի լինի ընդունելը, ներկա պահին Հայաստանում իրենց ամբողջականությունը պահպանած ընտանիքներին մատների վրա կարելի է հաշվել: Ընտանիքի երբեմնի անդամները քամուց քշվածների պես հայտնվել են մոլորակի տարբեր ծագերում: Երևույթի սոցիալ-կենցաղային դրդապատճառներն ուսումնասիրելիս առնչվում ես խիստ տարօրինակ ու ուշագրավ մի փաստի, որի մասին էլ ցանկանում եմ խոսել ստորև:

Խոսքը վերաբերում է էլիտար գաղթականներին՝ նրանց, ովքեր հենց իրենք են հանդիսանում այս երևույթի խթանման գլխավոր դերակատարը: Վերջիններս, ի տարբերություն հաց հանապազօրյայի խնդիրները լուծել չկարողացողների, մեծ կարողությունների ու այդ կարողությունները բազմապատկելու «ունակ» լրջագույն լծակների տեր են, վերին էշելոնի ներկայացուցիչներ: Նրանք փորձում են սահմանված ժամանակահատվածում առավելագույնը քաղել իրենց ներկայացած «պատմական պատեհությունից»: Ամեն ինչ հոշոտած (ող), անհագուրդ այս տեսակը, սակայն, ունի ապագայի հետ կապված խիստ պարզորոշ ծրագրեր: Հայրենիքից մաշկած, հայրենակիցներից թալանած միջոցները ապահովության նկատառումներով նրանք՝ «էլիտար գաղթականները», պահ են տալիս իրենց ապագա հայրենիքի(ների ) դրամատներին: Հիմա պարզ դարձա՞վ, թե ինչ է կատարվում: Հայրենիքը սեփական բոստանը դարձրած այս տեսակը, անմարդկային պայմաններ ստեղծելով, շնչահեղձ է անում սոցիալ-կենցաղային նվազագույն պայմաններ երազող հայրենակիցներին՝ վերջիններիս դարձնելով աստանդական:

Հիշեցի՞ք: Ի դեմս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ փորձ էր արվում տալ նաև դրա շահեկանության «տրամաբանական» հիմնավորումը: Իսկ որ ամենամեծ գաղթականը, ամենաէլիտարը՝ ես կասեի, ի վերջո իրենք են դառնալու, այդ մասին նրանք «խոհեմորեն» լռում են ու պահում ծածուկ: Էլիտար գաղթականների գոյությունը փաստ է, վերացումը՝ խնդիր: Այս տեսակը, ըստ էության, հոգու խորքում իրեն հայ չի համարում: Եթե համարեր, ապա իր հայրենիքի հետ այդպես չէր վարվի, հայրենակիցների հանդեպ էլ օտարի վարք չէր դրսևորի, ակունքը, որից ինքն էլ է ջուր խմում, երբեք չէր պղտորի: Բայց նա իրեն պահում է ամենավերջին թուրքի պես, ինչպես ընդունված է ասել: Մնում է միայն հասկանալ, ի վերջո, թուրք ա՞զգ է, թե՞ տեսակ: Սա պարզելուց ու թուրքի սահմանումը տալուց հետո միայն հնարավոր է՝ ամեն ինչ փոխվի, քանի որ «լավ, երբևէ մտածե՞լ եք, թե ումից եք թալանում» հարցի էությունն արդեն ընկալելի կդառնա էլիտար գաղթական դառնալ չցանկացող նրանց սերունդներին… Հուսանք՝ պարզաջրված։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ