Ներքին 4 տարի առաջ - 15:33 25-05-2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և Բրիտանական խորհրդի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև փոխգործակցության և ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորություն ընձեռելու համար՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր աշխատանքների մեկնարկից ի վեր (2001 թ.) շարունակում է կառուցել կրթամշակութային հարաբերություններ՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև. «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն հսկայական աշխատանքը, որը նպատակաուղղված է անգլերենի ուսուցման միջոցով երկու երկրների միջև արվեստի, կրթության և մշակույթի ոլորտներում սերտ համագործակցության ապահովմանը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»:

Նախարարը հավելել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսլականին և գերակայություններին համապատասխան կատարվել են շատ կարևոր աշխատանքներ հետևյալ ուղղություններով. Հայաստանի դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում, «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագրի միջոցով անգլերենի ուսուցման համակարգում հետազոտության իրականացում, խորքային ուսումնասիրություն և նորարարությունների խթանում, «Անգլերենի ազդեցությունը» հետազոտական ուսումնասիրության և «Կոդավորման հմտություններ. կապակցենք ներկան ապագային» նախագծերի իրականացում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերությամբ մշակվել է նաև Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կներառի ՀՀ ուսուցչական համակազմի շարունակական մասնագիտական զարգացման ողջ տեսլականը: Այդ հայեցակարգը հիմք կհանդիսանա ՀՀ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, մասնագիտական չափանիշների սահմանման, այդ ողջ գործընթացի քարտեզագրման և իրականացման համար։
Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ուստի Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Բրիտանական խորհրդի «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը:

Նոր հուշագրով աջակցություն է ցուցաբերվելու Բրիտանական խորհրդի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման քաղաքականությունը և շրջանակը» փաստաթղթի գործարկմանը: Այդ գործընթացում ներառվելու է անգլերենի 1000 ուսուցիչ, և փորձարկվելու է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակը:

Հուշագրով միաժամանակ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում անգլերենի ուսուցիչների համար նաև առցանց ՇՄԶ ծրագրերի իրականացումն ու ներդնումն ուսուցիչների համայնքի առցանց հարթակի միջոցով:

«Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհուրդը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության համատեքստում՝ ստորագրելով նոր փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրով ուսուցիչների մասնագիտական զարգացման տրամաբանությունը կամբողջանա, և կփորձարկվի անգլերենի հազար ուսուցիչների շրջանում՝ ճանապարհ բացելով կարևոր բարեփոխման համար։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացելու առաջիկայում կրթամշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման խորացման համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Կրթական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման կենտրոնի գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Հավելենք նաև, որ Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին