Ներքին 4 տարի առաջ - 20:41 20-05-2022

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների մասին

Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հայտարարությամբ անդրադարձել է 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին։

Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռից, Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարությամբ արձանագրում է.

- Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի և Արցախի սահմաններին, թիրախավորում նաև խաղաղ բնակչությանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում ոչնչացնում և յուրացնում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը,

- Աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում ՀՀ իշխանություններին և համազգային կառույցներին հարկ է զգոնություն դրսևորել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չդառնա,

- Խաղաղությունը չի կարող հաստատվել ազգային արժանապատվության նվաստացման հաշվին, հայրենի պետության տարածքային ամբողջականության հանդեպ չդադարող ոտնձգությունների, ռազմագերիների առկայության, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների և հայատյացության քարոզչության պայմաններում։ Խաղաղությունը պետք է հիմնվի արդարության, արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքների վրա,

- Անկախ առկա ճնշումներից և արտաքին սպառնալիքներից, առավել ևս ներհասարակական բևեռացվածության պայմաններում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականությունը և Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսևորվի զիջողականություն ազգի հիմնարար իրավունքների և պատմական արդարության հետապնդման հանձնառության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդը, խիստ մտահոգված ստեղծված բարդագույն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով և ապավինելով Բարձրյալ Տիրոջ ողորմությանը և մեր ժողովրդի իմաստությանը, հորդորում է՝

- Առաջնային նկատել ազգային և պետական շահը, գործել խղճի մտոք և պատասխանատվությամբ, խնդիրների արժանապատիվ լուծումները փնտրել բացառապես մեր համընդհանուր կամարտահայտման ու համախոհության մեջ,

- Հայրենիքում, թե սփյուռքում ամենայն ջանք ի գործ դնել զորացնելու մեր ազգային միաբանությունը՝ վերացնելով պառակտող հատվածականությունը, լծվելու հայրենիքի հզորացմանը, միջազգային հարթակներում և ամենուր հետևողականորեն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրավունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հատուցմանը, պայքարելու հանուն մեր ինքնության ու հոգևոր-ազգային արժեքների պահպանության,

- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հավաքներին, անկախ քաղաքական հայացքներից կամ պաշտոնական գործառույթներից, դրսևորել հանդուրժողականություն, օրինապահություն, հարգանք միմյանց իրավունքների նկատմամբ՝ բացառելով որևէ տեսակի բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք և օրինախախտություն։ Ատելության խոսքը, վիրավորանքը և թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել»։

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում հավատավոր մեր աշխարհասփյուռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քույրերին և եղբայրներին և պատրաստակամ հանձնառություններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետության զորացմանը, խաղաղ ու ապահով կյանքին։

«Աղոթում ենք մեր երկրի խաղաղության ու առաջընթացի համար և հայցում Բարձրյալն Աստուծո օրհնությունն ու զորակցությունը մեր ժողովրդին։

Թող հայրենիքի համար աղոթքը մշտահունչ լինի մեր ազգի զավակների շուրթերին»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում