Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) շուրջ նոր քրեական պատմություն է ստեղծվում։
Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանը, ով ներկայացնում է Հակոբյանից տուժած Ռուբեն Ստեփանյանի շահերը, պատմեց եղելությունը. «Իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթումը՝ առանձնապես խոշոր չափերով), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունում 03․05․2022թ․ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 5․1-րդ մասով սահմանված ենթակայության կանոններին համապատասխան, ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Նշեմ, որ 22․02․2019թ․ հաղորդում էի ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ իմ վստահորդ Ռուբեն Ստեփանյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն 2013-2015թթ․ ընթացքում պարտք է եղել 236․000 ԱՄՆ դոլար գումար, որը վճարելու համար 2015թ․ որոշել է 1․000․000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց վաճառել «Աշտարակ ձու» ՍՊ ընկերության իր բաժնեմասը մյուս բաժնետերերին, սակայն վերջիններս տարբեր պատճառաբանություններով ձգձգել են բանակցությունները։ Հակոբ Հակոբյանը սպառնալիքների և ճնշումների միջոցով Ռուբեն Ստեփանյանին ստիպել է իր հետ կնքել փոխառության պայմանագիր, որի համաձայն՝ իբր Ռուբեն Ստեփանյանը իրեն պարտք է 1․000․000 ԱՄՆ դոլար, որից հետո 23․05․2016թ․ Ռուբեն Ստեփանյանի, Հակոբ Հակոբյանի, վերջինիս որդու՝ Տիգրան Հակոբյանի և եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի միջև կնքվել է «Աշտարակ ձու» ՍՊ ընկերության Ռուբեն Ստեփանյանին պատկանող 25 տոկոս բաժնեմասի զիջման պայմանագիր՝ իբր այդ պարտավորությունների դիմաց։ Արդյունքում Ռուբեն Ստեփանյանը զրկվել է իր բաժնեմասից, իսկ հետագայում՝ կրկին Հակոբ Հակոբյանի անօրինական գործողությունների արդյունքում սնանկ ճանաչվել։
Նախ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում էր նյութեր նախապատրաստել, և միայն իմ բազմաթիվ բողոքներից հետո դատական կարգով պարտավորեցվեց նյութեր նախապատրաստել։ Ապա անհիմն մերժվեց քրեական գործի հարուցումը, և կրկին իմ բազմաթիվ բողոքներից հետո վերջապես դատական կարգով պարտավորվեցին հարուցել վերը նշված քրեական գործը»։
Մեր զրուցակիցը նշեց, որ երեկ իր վստահորդ Ռուբեն Ստեփանյանը ճանաչվել է տուժող, ինքը` տուժողի ներկայացուցիչ։ Հակոբ Հակոբյանին դեռևս մեղադրանք առաջադրված չէ. «Երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իմ վստահորդ Ռուբեն Ստեփանյանը ճանաչվեց տուժող և հարցաքննվեց որպես տուժող։ Քննիչ Վահե Մարտիրոսյանին բացարկ հայտնեցի ակնհայտ կողմնակալ քննության, տուժող կողմի նկատմամբ վատ տրամադրվածության, ինչպես նաև ինձ վիրավորելու համար։ Նշեմ նաև, որ 2 տարի առաջ այդ նույն քննիչը մերժել էր քրեական գործ հարուցելը։ Ինձ վիրավորելու համար բողոք եմ ներկայացրել նաև նշված կառույցի ղեկավար Սասուն Խաչատրյանին, ում հետ ընդունելություն չկազմակերպվեց` շենքում չլինելու պատճառաբանությամբ։ Պահանջում եմ, որ քննիչը ներողություն խնդրի ինձանից, հակառակ դեպքում կարող եմ կարծիք ձևավորել, որ այդպիսի վերաբերմունքը նշված կառույցի ղեկավարի գիտությամբ է դրսևորվում»։
Հարցին, թե այս պահին Հակոբյանը դատավարական կարգավիճակ չունի՞, փաստաբանը պատասխանեց. «Առերեսում է նախատեսվում, որի ժամանակ արդեն պարզ կլինի, քանի որ մեզ ներկա պահին այլ տեղեկություն չեն հայտնել»։