Ներքին 4 տարի առաջ - 22:48 21-04-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հորդանանի Սենատի պատվիրակությանը

Ապրիլի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ Հայաստան-Հորդանան բարեկամական խմբի ղեկավար Արթուր Դավթյանի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հույս է հայտնել, որ այն առավել կզորացնի երկու խորհրդարանների հարաբերությունները՝ մեծապես նպաստելով երկրների միջև հետագա սերտ գործակցությանը:

Վեհափառ Հայրապետը, վերհիշելով իր այցը Հորդանան, ինչպես նաև հանդիպումները Հորդանանի թագավորի հետ Հորդանանում և Սուրբ Էջմիածնում, գոհունակությամբ հաստատել է հայ համայնքի նկատմամբ Հորդանանի իշխանությունների կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքը՝ որպես ձևավորված դարավոր բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորում: Հայոց Հովվապետը արձանագրել է նաև, որ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովրդի զավակները կարողացել են ապաստան գտնել Հորդանանում և կազմակերպել իրենց ազգային-հոգևոր կյանքը՝ օգտակար ներդրում բերելով երկրի առաջընթացին:

Իր հերթին պարոն Խալդուն Հինան Վեհափառ Հայրապետին փոխանցեց Հորդանանի ժողովրդի և հորդանանահայության ողջույնները։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան 44-օրյա պատերազմին և դեռևս չհաղթահարված հետևանքներին, Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի դեմ շարունակվող ոտնձգություններին։ Խոսելով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների, սրբավայրերի, խաչքարերի, շիրմաքարերի պղծման և ոչնչացման դեպքերի մասին՝ Նորին Սրբությունը նկատեց, որ Ադրբեջանի որդեգրած այս քաղաքականությունը հարիր չէ իսլամի ոգուն, և հույս հայտնեց, որ այն իսլամական աշխարհի կողմից կարժանանա խիստ դատապարտության։

Հորդանանի Հաշիմյան թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը վերահաստատեց, որ Հորդանանը կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումը և ողջունում դրան ուղղված ջանքերը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում