Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:31 16-04-2022

Նման բաներ ասող մարդիկ ուրիշի ծրագիրն են արտաբերում․ Արցախի թեմի առաջնորդ

Օրերս տեղեկություն տարածվեց, որ երկար ընդմիջումից հետո հավատացյալների համար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմը Սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 17-ին ուխտագնացություն կկազմակերպի դեպի Դադիվանք։

Oragir.news-ը ուխտագնացության կազմակերպման խնդիրների շուրջ զրուցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։

- Սրբազան, տևական ժամանակ է ադրբեջանական կողմը խոչընդոտում է ուխտագնացությունների կազմակերպմանը դեպի Դադիվանք, այս անգամ հնարավոր կլինի՞ իրականացնել ուխտագնացությունը, կա՞ն արդեն ձեռքբերված պայմանավորվածություններ։

- Եթե ես չմտածեի, որ կկարողանաք հասնել դրան՝ չէի դիմի, ինչ-որ ներքին մղում կա, որ այս անգամ քարացած սրտերը կարող են կոտրվել և մեզ թույլ կտան գնալ՝ մեր աղոթքը անելու։ Մինչև այս պահը դեռ խոչընդոտներ, կարծես, չկան։

- Այսինքն, արդեն կա՞ վերջնական պայմանավորվածություն խաղաղապահների ու ադրբեջանական կողմի հետ, թույլ կտա՞ն Ձեզ այս անգամ անցնել։

- Չգիտեմ, թույլ կտան, թե ոչ։ Խաղաղապահները միանշանակ մեր կողմն են, պիտի ասեմ, որ խաղաղապահները Դադիվանքի նկատմամբ ուրիշ հոգատարություն ունեն և ամեն ինչ անում են, որ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն։

- Որքան ժամանակ է, որ չեք կարողանում ուխտագնացություններ ունենալ դեպի Դադիվանք։

- Մեկ ամսից կլրանա մեկ տարին, որ չենք կարողանում ուխտագնացություններ կազմակերպել։ Չնայած՝ եկեղեցին գործում է։ Դադիվանքը միարժեք Արցախի թեմի վանքերից է, այնտեղ միաբանություն կա, վանահայր կա, այնտեղ են խաղաղախահները, մեր հոգևորականները լիարժեք իրենց հոգևոր առաքելության մեջ են և մեզ հետ մշտական կապի մեջ։

- Սրբազան, բայց ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածություններ կային ուխտագնացությունների կազմակերպման առնչությամբ։ Ինչո՞վ են հիմնավորում այդ պայմանավորվածությունները խախտելը։

- Դե, միայն դա չի, որ խախտվում է, ցավոք, ամեն ինչն է խախտված,ամբողջ համակարգն է խախտված։ Հիմա, որ դադրս պատմեմ, միայն Դադիվանքը չէ, շատ խնդիրներ կան։

- Անցած մի քանի օրերին ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Արցախի կարգավիճակի նվազեցման, այսինքն՝ Ադրբեջանի կազմում Արցախը թողնելու հարցը։ Այս համատեքստում Արցախում ինչ տրամադրություններ են։

- Ես կարող եմ մի բան ասել, ասացիք՝ «Ազգային Ժողո՞վ», ես կարող եմ չհամաձայնել, որ դա «ազգային» է, կարող է դա ժողովական վայր լինի, բայց ոչ ազգային, որովհետև Ազգային ժողովը ազգի մասին պիտի մտածի, խորհի, քայլեր անի, այնտեղ ժողովականներով, իրենք՝ իրենց համար որոշումներ են կայացնում, բայց Արցախի սիրտը կա, բաբախում է և Արցախի սիրտն ապրելու է՝ անկախ այդ ժողովականների որոշումներից։ Եթե ազգային է, ապա ազգայինով պետք է առաջնորդվի։ Ինչ վերաբերում է մարդկանց տրամադրությանը՝ ես քրիստոնեական շեշտադրմամբ ասեմ, երբ Քրիստոսին խաչեցին՝ բոլոր աշակերտները փախան, հուսահատ, հուսալքված, բայց Հարությունից հետո համախմբվեցին։ Կարծում եմ՝ Քրիստոսի հրաշափառ Հարությունից հետո, մեր ժողովուրդն ավելի կհամախմբվի և կհասկանա, որ Արցախում ապրելն ու պայքարելն է միակ այն միջոցը, որով Արցախը կարելի է պահել հայկական, քրիստոնեական։

- Ի՞նչ կասեք, այն մարդկանց, ովքեր գտնում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, այդ դեպքում արցախահայերը կկարողանա՞ն ապրել իրենց երկրում։ Նման բան հնարավո՞ր է։

- Ոչ, հնարավոր չէ․։ Ստալինի կայացրած անարդար որոշումից սկսյալ՝ արցախցին պայքարել է միանալ Հայաստանին, որովհետև Արցախը Հայաստանի անբաժան մաս է։ Արցախը չի կարող օտարության մեջ լինել։ Նման բաներ ասող մարդիկ, որ կարողանան մտածել՝ էդպիսի բաներ չեն ասի, նրանք ուրիշի ծրագիրն են արտաբերում։

- Աժ-ում եղան պատգամավորներ, որ ասացին, թե եկեղեցին ու հեգևորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, ինչ կասեք։

- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, չեմ էլ ուզում զբաղվել, ես միայն իմ ժողովրդի ցավն եմ արտահայտում։ Ամեն մարդ պետք է իր առաքելության մեջ լինի, մենք մեր առաքելության մեջ ենք, դրա համար էլ կոչվում ենք ազգային եկեղեցի։ Մեր ազգի դարդուցավերը մերն են, ուրախությունը, առաջխաղացումը մերն է։ Եկեղեցին մշտապես եղել է պետականության, իր բանակի և ժողովրդի կողքին, ով կասկածում է՝ թող պատմությունը նորից ընթերցի։

Քրիստինե Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին