Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:25 02-04-2022

ԱԺ-ն պետք է սկսի Արցախի անկախության ճանաչման գործընթացը. 5165

Հայրենակիցնե՛ր, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում:

Ժամանակն է սթափ գնահատելու եղելությունը. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն առանց Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատրանք է, որով փորձ է արվում բթացնել մեր հասարակության զգոնությունը։ Ավելին, Ադրբեջանի բոլոր գործողություններն ու հայտարարությունները վկայում են ավելի մեծ ախորժակի մասին՝ Սյունիք, Գեղարքունիք, Երևան և այլն։

Արցախի փրկությունը նաև Հայաստանի փրկությունն է։ Առանց ինքնորոշված Արցախի չի կարող լինել անվտանգ Հայաստան։ Հետևաբար Արցախի անկախության ճանաչումը հանուն Արցախի ժողովրդի փրկության և Հայաստանի ամուր անվտանգության ապահովման հրամայականն է։

«5165 շարժումը» պահանջում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովից սկսել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և աշխատանքներ սկսել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ։

Նման պահանջի համար հիմնավորումներն բազմաթիվ են, սակայն ստորև բերենք մի քանիսը․
• Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, շարունակում է զավթել Արցախի՝ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող նորանոր տարածքներ,
• Շարունակում է իրականացնել հայաթափման, էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականություն՝ ռազմական առաջխաղացումներով, ահաբեկչությամբ, սադրանքներով ու հումանիտար ճգնաժամեր ստեղծելով,
• Ադրբեջանը հրապարակավ հայտարարում է Լեռնային Ղարաբաղի գոյություն չունենալու մասին,
• Հայաստանի Հանրապետությունը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ չխաթարելու Մինսկի խմբի համանախագահության և պատասխանատվությամ իրականացվող հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը,
• Այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը և Արցախի ժողովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու հնարավորությունը վերջինիս անվտանգության ապահովման անհրաժեշտ և թերևս միակ իրավական երաշխիքն է,
• Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը գլխավոր նախապայմանն է այլ ինքնիշխան պետությունների կողմից այն ճանաչելու համար:

Գիտակցելով, որ միայն մեր համախումբ գործողությունների միջոցով կարող ենք կասեցնել Արցախի վերջնական կորուստը, նախաձեռնելու ենք մի շարք գործողություններ ուղղված Հայաստանի իշխանությունների, միջազգային հանրության ու, առաջին հերթին, Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման օրակարգով հանուն Արցախի փրկության։ Միացե՛ք։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, բարձրագույն կրթական, գիտական, մշակութային հաստատություններին, ստեղծագործական միություններին՝ դիրքորոշում հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ։ Դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, Սփյուռքի հայրենակիցներին՝ պահանջելու Հայաստանի Հանրապետության իշխանություններից քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետությունը ճանաչելու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի՝ ապրիլի 4-ին, ժամը 15․00-ին մեր պահանջագիրն ենք հանձնելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ