Ներքին 4 տարի առաջ - 22:51 18-03-2022

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ-երը խորհրդակցություններ են անցկացրել․ անդրադարձել են ԼՂ իրավիճակին

Հաագայում մարտի 18-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, նիդերլանդականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Թայս ֆան դեր Փլասը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք գոհունակություն հայտնելով Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Առևտրատնտեսական համագործակցության համատեքստում կողմերն արձանագրել են վերջին տարիներին նկատվող դրական դինամիկան և ուղենշել առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումներին։

Մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակին։ Այդ համատեքստում կարևորվել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նշվում է, որ հայկական կողմը երախտագիտություն է հայտնել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշման և աջակցության, ինչպես նաև՝ երկկողմ ու բազմակողմ հարթակներում կառավարության կողմից խնդրի բարձրացման համար՝ ընդգծելով ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում նման մոտեցման շարունակականության անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հաագայում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել ե Նիդերլանդների քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված դիվանագիտական ընդունելությանը, որի ընթացքում պարգևատրվել են երկկողմ համագործակցության խորացման գործում ներդրում ունեցած անձինք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը