Ներքին 4 տարի առաջ - 23:43 08-02-2022

Վստահ եմ, որ մեր թիմը հաջողված է լինելու. կայացել է Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը

Երևանը սոցիալական պաշտպանության նոր համակարգ կունենա: Երևանի ավագանու փետրվարի 8-ի նիստի ընթացքում ներկայացվել է նոր համակարգի ավարտական փուլի նախագիծը, որն արժանացել է ավագանու հավանությանը: Նոր համակարգով Երևանի վարչական շրջաններում կստեղծվեն երեխաների սոցիալական պաշտպանության բաժիններ: Դրանք բաղկացած կլինեն սոցիալական աշխատողներից և հոգեբաններից։ Փոփոխությունը կհանգեցնի համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացմանն ու սոցիալական նոր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

«Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն իմ անմիջական համակարգման ներքո է եղել, մենք այստեղ բարեփոխումները սկսեցինք պարզ տրամաբանությամբ. աշխատակիցը գալիս է առավոտյան 09:00-ից աշխատանքի և մինչև 18:00-ն ի՞նչ է անում, այդ հարցի պատասխանը ես այդպես էլ չստացա: Միջազգային մեր գործընկերների աջակցությամբ մենք մի շարք վերլուծություններ իրականացրեցինք, ընդհանուր տեսլական ձևավորեցինք, որի շրջանակում էլ քայլ առ քայլ գնացինք առաջ: Ակնկալվում էր, որ այս բարեփոխումները կվերջացնենք 2020թ., բայց հայտնի պատճառներով դրանք չեղան, և մենք այդ փոփոխություններն այսօր ենք ներկայացնում ձեր դատին: Կարծում եմ, երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեր հաջող ներդրած համակարգերից մեկն է և մոտակա երկու տարիներն արդեն կայացման տարիներ կլինեն»,- ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից՝ նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու հավելել, որ մայրաքաղաքի կառավարման ոլորտում լուրջ փոփոխություններ են նախատեսվում, որոնց շրջանակում առանձնակի է կարևորվում աշխատակիցների վերապատրաստումը:

«Վերապատրաստման համար մենք պետք է միջոցներ չխնայենք, քանի որ մարդն է ստեղծում այն արժեքը, որն իր ետևից ստեղծում է նոր արժեքներ: Մարդկային կապիտալի զարգացման համար մենք պետք է միջոցներ ծախսենք, որպեսզի արդյունք ունենանք»:

Ըստ աղբյուրի՝ ավագանու որոշմամբ Երևանն Արցախի Հանրապետության երաժշտական և գեղարվեստի դպրոցներին 14 անուն 51 երաժշտական գործիք կնվիրաբերի: Գույքն էականորեն կբարելավի կրթադաստիարակչական գործընթացի որակը՝ մշակութային 11 օջախներում բարենպաստ պայմաններ ապահովելով շուրջ 2500 սաների համար:

Նշվում է, որ ավագանու որոշմամբ Երևանում կտեղադրվեն անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանի, աշխարհահռչակ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի, անվանի արձակագիր, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Էդուարդ Ավագյանի և վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Իվան Գևորգյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:

«Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հրաչյա Ներսիսյան փողոցից դեպի Ավետիս Ահարոնյան փողոց ձգվող ճանապարհահատվածն այսուհետ կկրի գրականագետ, դերասան և ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի դոցենտ Լևոն Ներսիսյանի անունը»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ Երևանի հ.171 հիմնական դպրոցն այսուհետ կկրի հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոն Կարեն Ասրյանի անունը: Կրթօջախն անվանակոչելու որոշման նախագիծը ևս արժանացավ ավագանու հավանությանը: Կարեն Ասրյանը տվյալ դպրոցի շրջանավարտն է եղել:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի մարտի 15-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը