Ներքին 4 տարի առաջ - 14:15 03-02-2022

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց տուգանման բալային համակարգը հանելու նախագծին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացնելիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց՝ այն վերաբերում է հայտնի բալային համակարգին կամ տուգանային միավորներին:

Վարդևանյանն իրավական տեսանկյունից խնդիր է տեսնում: «ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ նույն արարքի համար կրկնակի պատասխանատվությունն արգելվում է: Տվյալ դեպքում մենք ունենք իրավիճակ, երբ վարորդներին միաժամանակ նախատեսվում է տուգանք՝ դրամական միջոցների մասով, նաև տուգանային միավորների մասով: Բոլոր վարորդներին տրվող 9 միավորը սպառվելու դեպքում առաջանում է վարորդական իրավունքի կասեցում: Հետևաբար, դա առանձին պատասխանատվության միջոց է, որը զուգահեռ կիրառվում է այլ պատասխանատվության միջոցների հետ՝ նույն արարքի համար»,- ասաց պատգամավորը:

Վարդևանյանը միաժամանակ վստահեցրեց՝ չի պնդում, որ իրավախախտումներ կատարող վարորդները պետք է ազատվեն պատասխանատվությունից, բայց մյուս կողմից՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ չպետք է լինի տուգանքների կիրառման գերակայություն: «Կարող էր մոդելն այլ կերպ լինել, ենթադրենք՝ միայն տուգանային միավորներ կիրառել՝ առանց տուգանքի ֆինանսական բաղադրիչի»,- ասաց նա:

ՔՊ-ից Հայկ Սարգսյանը նշեց՝ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում: «Միաժամանակ և չեն զրկում, և ֆինանսական բեռ կրում: Եթե քո 9 բալը լրանում է, 6 ամսով զրկվում ես վարելու իրավունքից, սակայն այդ վերջին խախտման համար չես վճարում: Իսկ մինչ այդ բալեր հանելը պատասխանատվություն չէ»:

Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն էլ հիշեցրեց՝ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ և տուգանքի հետ համակցվելու պարագայում դառնում է լրացուցիչ: «Տուգանքը որպես նյութական պատասխանատվության միջոց կարող է սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող անձանց վրա տարբեր ազդեցություն թողնել: Բալային համակարգի ներդրման առանցքային նպատակներից մեկը եղել է հենց անկախ սոցիալական վիճակից՝ որոշակի ազդեցություն թողնելը հասարակական հարաբերությունների առկա իրավիճակի վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով կրկնակի պատասխանատվության վերաբերյալ հարցին՝ նա ասաց, որ չկա կրկնակի պատասխանատվության անթույլատրելիության սկզբունքի խախտում: Վարորդական իրավունքի կասեցումը ծագում է ամենավերջում կատարված այն արարքով, որի համար տուգանքը առանձին չի կիրառվում:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը