Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:01 02-02-2022

Ադրբեջանը սահմանափակում է նույնիսկ Կարմիր խաչի մուտքը Արցախ. Միրզոյանը` Շալենբերգին

Ադրբեջանը փորձում է սահմանափակել Արցախի Հանրապետությունում նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասաց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսում:

«Սա միակ կառույցն է, որը վերջին տարիներին մուտք է ունեցել և ներկայացված է եղել Արցախում։ Հիմա Ադրբեջանը նույնիսկ դա է սահմանափակում»,- ընդգծեց Միրզոյանը։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարն այս հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ Ավստրիայի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, պատասխանելով Բաքվի կողմից միջազգային կառույցների աշխատանքը խոչընդոտելու մասին հարցին, ասաց, որ միջազգային հանրությունը շահագրգիռ է խաղաղ կարգավորման հարցում, բայց չի կարող դա անել առանց երկու կողմերի համաձայնության։

«Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, ադրբեջանցիներն ու հայերը, որպեսզի նրանք կամք դրսևորեն այդ ուղով առաջ գնալու։ Մենք գիտենք, որ վերքը դեռևս բաց է»,- ասաց նա,- Ավստրիայի, ԵՄ ու ԵԱՀԿ անունից եմ ուզում ասել` մենք պատրաստակամ ենք օգնելու, բայց դուք պետք է ցանկանաք ընդունել մեր օգնությունը»։

Ավստրիացի պաշտոնյան նաև հայտարարեց, որ տեսնում է կողմերի` «ճիշտ քայլերի դիմելու» պատրաստակամությունը, ապա հավելեց, որ երկու երկրների առաջնորդներին դրա համար «քաջություն է պետք» դրսևորել։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես ընդգծեց,, որ որքան էլ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի կողմերին գալ համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։

«Հայաստանը պատրաստ է և ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն կառուցել և լուծել բոլոր «կնճռոտ» հարցերը։ Մենք ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,– ասաց Միրզոյանը։

Նա շեշտեց, որ թեև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, այնուամենայնիվ, Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մարդկությանը նոր մահեր պետք չեն։

ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը տեսանելի է նաև միջազգային կազմակերպությունների առումով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին