Ներքին 4 տարի առաջ - 15:46 10-01-2022

ՄԻՊ-ը նամակ է հղել Google-ին՝ հորդորելով զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ստեփանյանը:

Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։ Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։

Ստեփանյանը շեշտել է՝ Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։

«Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը»,-նշել է Արցախի ՄԻՊ-ը:

Պաշտպանը նամակում ներկայացրել է միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն;

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։

Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»