Արտաքին 4 տարի առաջ - 10:42 14-11-2021

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչներին՝ Սաակաշվիլիին աջակցելու համար

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նամակ է հրապարակել, որում քննադատել է եվրոպացի պատգամավորների գործողությունները, ովքեր սատարում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

«Մենք հաճախ ենք լսել անկեղծ քննադատություն և դիտողություններ մեր ընկերներից։ Նման քննադատությունը մեզ համար չափազանց արժեքավոր է։ Մեր գործընկերները՝ Վրաստանի իսկական բարեկամները, մեր տրամադրած տեղեկատվության հիման վրա, հաճախ փոխել են իրենց նախնական դիրքորոշումը, ինչը հաստատում է նրանց անկեղծությունը։ Գոյութոյւն ունի օտարերկրյա քաղաքական գործիչների մի փոքր խումբ, որը համառ է, չի փոխում իր դիրքորոշումը և շարունակում է լոբբինգը «Ազգային շարժման» (ընդդիմադիր կուսակցության) վրա՝ առանց փաստարկների, ուղղակիորեն», - ասել է Կոբախիձեն շաբաթ օրը հրապարակված նամակում։

Իշխող կուսակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ Սաակաշվիլիի՝ Վրաստան կատարած գաղտնի այցի եւ հոկտեմբերի 1-ին նրա ձերբակալության թեմային։ «Երբ դատապարտվածն ապօրինի հատում է վրացական սահմանը, պետք է անհապաղ ձերբակալվի՞, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը պարզ է՝ եթե Վրաստանը պետություն է, և օրենքի գերակայությունը նրա համար արժեքավոր է, ապա այո»,- նշել է նա։

Ուրբաթ օրը Վրաստան է ժամանել Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան, ով ցանկացել է այցելել Սաակաշվիլիին բանտի հիվանդանոցում, սակայն նրան մերժել են։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել լիտվացի պատգամավոր Ժիգիմանտաս Պավիլենիսի և Էստոնիայի նախկին նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի մոտ։ Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Ֆիոլա ֆոն Կրամոնը նոյեմբերի 9-ին հայտարարել է, որ Վրաստանը հեռու է ԵՄ-ին անդամակցելուց, քանի որ չի կատարում իր պարտավորությունները ժողովրդավարության զարգացման առումով։


Սաակաշվիլին ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին Վրաստանում, ուր վերադարձել էր ՏԻՄ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, և բանտարկվել էր։ Երկրի նախկին ղեկավարը հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Նոյեմբերի 8-ին հանրապետության արդարադատության նախարարությունը Սաակաշվիլիին Ռուսթավի քաղաքի բանտից տեղափոխել է Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի շրջանի բանտային հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման մտավախության պատճառով, սակայն քաղաքական գործիչը և նրա փաստաբանները կտրականապես դեմ են եղել ու պնդել դատապարտյալին մասնավոր կլինիկա ուղարկել։ Սաակաշվիլին հինգշաբթի հայտարարել է, որ կդադարեցնի հացադուլը, եթե իրեն ընդունեն քաղաքացիական կլինիկա՝ վերականգնողական նպատակով։

Նախկին նախագահը լքել էր Վրաստանը 2013 թվականին, որից հետո երկրում նրա դեմ հարուցվել էր 4 քրեական գործ, որոնցից երկուսով հանրապետության նախկին ղեկավարը հեռակա դատապարտվել է համապատասխանաբար երեք և վեց տարվա ազատազրկման։ Ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլիին մեղադրանք է առաջադրվել ապօրինի սահմանը հատելու համար, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Վերջին շրջանում քաղաքական գործիչը բնակվում էր Ուկրաինայում և ունի այս երկրի քաղաքացիություն։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի