Ներքին 5 տարի առաջ - 15:33 05-10-2021

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

Փաստաբանների պալատը նոր նախագահ ունի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Կառավարական տան նիստերի դահլիճում այսօր` հոկտեմբերի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանի պաշտոնի ստանձնման արարողությունը։ Փաստաբանների պալատի 2-րդ նախագահը՝ 2013-2021 թթ. պաշտոնավարած Արա Զոհրաբյանը, հանդիսավոր կերպով իր լիազորությունները հանձնեց նորընտիր նախագահին:

«Ուզում եմ շնորհավորել պարոն Սիմոն Բաբայանին և վստահեցնել ձեզ, որ նա իր գործով արդեն ապացուցել է, որ լավ կառավարիչ է, լավ մարդ և պատասխանատու մասնագետ է: Այնպես որ, փաստաբանությունը լավ ձեռքերում է»,- հայտարարեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի 2-րդ նախագահը նաև ծավալուն հաշվետվություն ներկայացրեց իր պաշտոնավարման 8 տարվա վերաբերյալ: Իր ելույթի մի մասը Արա Զոհրաբյանը նվիրել էր նախկին ու ներկա իշխանությունների քաղաքականության և Փաստաբանների պալատի հանդեպ վերաբերմունքի համեմատությանը:

Զոհրաբյանի խոսքով` փաստաբանը շատ հաճախ հայտնվում է պետության և քաղաքացու միջև, ուստի պետք է լինի անվախ։

«Մեր կարգախոսը բժիշկների կարգախոսի նման է` մի՛ վնասիր»,- շեշտեց փաստաբանը:

Իսկ թե արդյոք այդ 8 տարիների ընթացքում ինքը ճի՞շտ է գործել, լա՞վ է աշխատել, թե ոչ՝ դրա գնահատականը, Արա Զոհրաբյանի խոսքով, կտան փաստաբանները, որոնց ինքը հաշվետու է:

«Թերություններ, բացթողումներ, սխալներ, այո՛, եղել են, չէին կարող չլինել», – ընդգծեց Զոհրաբյանը:

Պալատի 2-րդ նախագահը իր գործունեության մի շարք արդյունքներից մեկն է համարում, օրինակ, այն, որ իր պաշտոնավարման ավարտին՝ 2021-ին, փաստաբանների թիվը Հայաստանում 2013-ի համեմատ ավելացել է 982-ով՝ հասնելով 2352-ի: Ի դեպ, ըստ վիճակագրության՝ Հայաստանում 100 հազար բնակչին բաժին է ընկնում 79 փաստաբան, Վրաստանում՝ 125, Գերմանիայում՝ 200, Հունաստանում՝ 380, իսկ Իսրայելում՝ 900:

Արա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց պալատի ողջ աշխատակազմին, առանց որի իր շարադրած ձեռքբերումները չէին լինի: Նաև շնորհակալություն հայտնեց պալատի հաշվիչ հանձնաժողովին՝ օբյեկտիվ ընտրություն կազմակերպելու համար։

Բարձրանալով ամբիոն՝ Փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն հայտնեց փաստաբանական պալատին վստահության համար:

«Փաստաբանների կողմից ընտրվեց ինստիտուտի ձեռքբերումները պահպանելու և այն զարգացնելու ուղին: Փաստաբանական համայնքը ասաց իր խոսքը՝ ապացուցելով, որ ղեկավարվում է անկախության և ինքնակառավարման սկզբունքներով»,- հայտարարեց Սիմոն Բաբայանը:

Ստանձնելով պալատի նախագահի պաշտոնը՝ նա շտապեց կիրառել իրեն շնորհված լիազորությունները՝ ամբիոնից հրապարակելով Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում իր առաջին որոշումը Փաստաբանների պալատի անդամ, իրենից առաջ պաշտոնավարած Արա Զոհրաբյանին «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրելու մասին։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Սրբազան Հայրապետի շնորհավորանքներն ու օրհնությունը փոխանցելով փաստաբանական ողջ համայնքին:

Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12-ին: Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84 տոկոսը` 937 փաստաբան, քվեարկել էր Սիմոն Բաբայանի օգտին։ Մյուս թեկնածուի` Գևորգ Գյոզալյանի օգտին քվեարկել էր 144 փաստաբան։

Սիմոն Բաբայանը ծնվել է 1979 թ. մայիսի 1-ին։ Ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1995 – 2000 թթ.)։ Իրավագիտության թեկնածու է։ Աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում։ 2014 թվականից ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենն է։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում