Ներքին 5 տարի առաջ - 19:59 22-09-2021

Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է լինեն ժամանակակից, դա է զարգացման միակ ճանապարհը. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Շնորհավորելով աստղադիտարանի աշխատակազմին և գիտական հանրույթի ներկայացուցիչներին՝ Սարգսյանը նշել է, որ Բյուրականի աստղադիտարանը զուտ աստղադիտարան չէ, այն եղել է մեր գիտության հիմնական լոկոմոտիվներից մեկը:

«Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք: Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն մաս կազմել այդ դպրոցին, այլև միջազգային գիտական հանրության շրջանակում հանդիպել այն բարձր գնահատականին, որ տրվում էր Բյուրականի աստղադիտարանին»,- ասել է նախագահը:

Նա նշել է, այսօրվա աստղագիտությունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ:

«75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն: Դրանք կարող են լինել և՛ արհեստական բանականությունը, և՛ ժամանակակից մաթեմատիկան, և՛ կենսատեխնոլոգիաները: Դրանք կարող են լինել գիտության այն ուղղությունները, որոնք կապված են բնապահպանության, կլիմայի փոփոխության հետ, որովհետև աշխարհն այսօր հսկայական ներդրումներ է անում այդ ուղղություններում»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը կարևոր է համարել գիտության ու իրական արդյունաբերության միջև կապը՝ շեշտելով, որ պետք է կարողանաք Հայաստան բերել ժամանակակից նվաճումները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում:

«Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը ստեղծվեցին այն պահից, երբ երկու մեծ ակադեմիկոսներ՝ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը, անցնելով հսկայական դպրոց աշխարհի լավագույն կենտրոններից մեկում, վերադարձան Հայաստան: Եկեք չմոռանանք, որ մեր գիտական կենտրոններից շատերի ղեկավարներն իրենց կրթությունը և գիտական աստիճանները ստացել են դրսում: Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ: Այսօրվա կապն աշխարհի հետ տարբեր է: Սա աշխարհ է, որտեղ գիտությանը, մեծ արդյունաբերությանը, մեծ տնտեսությանը զուգահեռ զարգանում են նորը, արագը՝ շատ հաճախ գիտական ստարտափների ձևով: Հայաստանը, գիտությունը, Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը»,- հավելել է Սարգսյանը:

Խոսելով ընդհանրապես հայկական գիտության զարգացման մասին՝ նախագահը նշել է, որ հայկական գիտությունն ընդգրկում է նաև հայկական համաշխարհային գիտությունը: Նա մասնավորապես հիշեցրել է, որ COVID 19 համավարակի պատվաստանյութերից մեկը ստեղծվել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից:

«Մենք ունենք հսկայական առավելություն, որը չենք օգտագործում: Մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերով այս 75 տարվա փառահեղ պատմությունն ապագայում կենդանի և երիտասարդ կյանք է ունենալու: Ուզում եմ մաղթել, որ մեր գիտությունը նորից լինի համաշխարհային բարձրության վրա: 1970-ականներից մինչև այսօր մենք կարողանում ենք ապրել նաև մեր մեծանուն գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Օրբելու հեղինակությանն ու վարքի շնորհիվ: ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը»»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը