Ներքին 4 տարի առաջ - 18:13 12-09-2021

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է միջինը 20 տոկոսով բարձրացնել սոցվճարները և պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը։ Սակայն պետք է ընդգծեմ, որ քննարկում ենք ուսուցիչների աշխատավարձերը հայտարարվածից ավելի շատ բարձրացնելու հնարավորությունը»,- ասել է նախագահը։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Մարտակերտ քաղաքում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն, իսկ շրջանի բնակչության թվի ավելացումը կառավարության տեսանելի ծրագրերի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ «Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, ապա հաջորդ տարվա ընթացքում հիմնականում կավարտվեն շրջանի գյուղական համայնքները մայրուղիներին կապող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Իսկ առաջիկա երեք տարիների ընթացքում կավարտվեն Մարտակերտ քաղաքի ներհամայնքային փողոցների բարեկարգումն ու ասֆալտապատումը»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նախագահի խոսքով՝ մեծ միջոցներ կհատկացվեն ոռոգման ցանցի վերականգնմանն ու կառուցմանը։ Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում է լինելու այգեգործության զարգացումը, մասնավորապես՝ խաղողի և նռան այգիների հիմնումը, որոնք հեռանկարային են լինելու Արցախի վերամշակող արդյունաբերության համար։ «Շրջանում կկառուցվի նաև կաթնամթերային մեծ ֆերմա, որը կխթանի անասնաբուծությունն ու կերային խոտաբույսերի աճեցումը»,- տեղեկացրել է նախագահը և ավելացրել, որ պետական ծրագրերով Մարտակերտում իրականացվելիք տնտեսական քաղաքականությունն այդքանով չի սահմանափակվելու։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ այնուհետև Հանրապետության նախագահն այցելել է Մարտակերտի հարակից տարածքներում գտնվող դաշտեր և խաղողայգիներ, հետևել խաղողաքաղին, հետաքրքրվել բերքատվության ցուցանիշներով։

Նախագահը եղել է նաև Արցախում հիմնադրվող հանքարդյունաբերական նոր գործարանի տարածքում և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Պատերազմից հետո ընկերությունն Արցախում առաջին ամենախոշոր մասնավոր ներդրումային ծրագիրն է սկսել՝ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Պատասխանատուների հավաստմամբ՝ 3 ամիս անց կսկսեն հանքանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքը, որը կապահովի շուրջ 400 աշխատատեղ։

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանը Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում մասնակցել է Խաչվերացի տոնին նվիրված Սուրբ պատարագին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի