Ներքին 5 տարի առաջ - 18:54 03-09-2021

Մահացել է Ալեքսանդր Թոփչյանը

Սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։

Նա ծնվել է 1939 թ․ սեպտեմբերի 7-ին, Երևանում, ՀՀ գրողների միության անդամ է 1970 թվականից։ Սովորել է Երևանի Խանջյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոցում։ 1962 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1962–1963 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» պարբերականում, 1963–1965 թվականներին՝ «Հայաստան» հրատարակչությունում, 1966–1975 թվականներին՝ «Գարուն» ամսագրում, 1975–1988 թվականներին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982–1989 թվականներին՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որպես Գրական բաժնի վարիչ, 1991–1995 թվականներին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում։ 1960–1980 թվականների ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական տարբեր հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում են բերել։ Իր գրական գործունեության համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։

Հեղինակ է բազում թարգմանությունների ֆրանսերենից և ռուսերենից, որոնց թվում են Մոլիերի, Լարոշֆուկոյի, Շոդերլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրևերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի, Դենի դը Ռուժմոնի և այլոց գործերը։ Հրատարակել է 500-ից ավելի գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Ալեքսանդր Թոփչյանի խմբագրական և հրատարակչական գործունեության շնորհիվ լույս են տեսել Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։

Ալեքսանդր Թոփչյանը հեղինակ է նաև մի շարք գեղարվեստական երկերի, որոնք լույս են տեսել հայերեն և օտար լեզուներով։ Դրանց թվում են «Կիրկե կղզին» (Երևան, 1996), «Եվ անգամ մահից հետո» (Ռուբեն Սևակի մասին, Երևան, 2005) և «Բանկ Օտոման» (Երևան, 2008, ռուսերեն՝ Մոսկվա, 2012 թ., և ֆրանսերեն՝ Փարիզ, 2012 թ․) վեպերը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»