Մամուլ 5 տարի առաջ - 08:29 08-07-2021

Ամեն օրվա հետ իշխանությունները մսխում են իրենց «հաղթանակը». Փաստ

Փաստ օրաթերթը գրում է

Հունիսի 20-ի ընտրությունների արդյունքում հայաստանյան ներքաղաքական դաշտում բոլորովին նոր իրավիճակ է հաստատվել։ Ճիշտ է՝ բազմաթիվ ընտրախախտումներով հանդերձ, իշխանություններին հաջողվեց ստանալ ձայների մեծամասնությունը, սակայն հակ է հաշվի առնել, որ իշխող ուժին է իր ձայնը տվել ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 26 տոկոսը։ Այսինքն՝ մեր քաղաքացիների մյուս 74 տոկոսը, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը, նախընտրել է ձայն չտալ ՔՊԿ-ին։ Իսկ սա նշանակում է, որ իշխանությունների հաղթանակը խաբուսիկ է և ամեն պահի կարող է իրավիճակ փոխվել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ Առավել ևս, որ այս իշխանության իրական վարկանիշը շատ հեռու է այն ցուցանիշներից, ինչ պաշտոնապես արձանագրվեց արտահերթ ընտրություններում:

Ու եթե իշխանություններն իրենց քաղաքականությունը կառուցելիս առաջ շարժվեն այն նույն գործելաոճով, որով որ առաջնորդվել են իրենց իշխանության երեք տարվա ընթացքում, ապա շատ շուտով իրենց «հաղթանակից» ոչինչ չի մնա։ Խոսքն, իհարկե, ընտրությունների «հաղթանակի» մասին է, քանզի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պարտության, ձախողումների ու տապալումների իշխանություն են: Ապագա իրադարձությունների մասով Փաշինյանն ու իր թիմը, փաստացի, ունեն միայն երկու ճանապարհ։ Մի ճանապարհն այն է, որ նրանք, դասեր քաղելով իրենց ձախողումներից, ներքաղաքական ասպարեզում նոր էջ են բացում։ Իսկ հասարակությանը նորացված կերպարով ներկայանալը ենթադրում է կադրային թարմացումներ, ընդդիմության հետ կառուցողական երկխոսության մթնոլորտի ստեղծում, հանրության համախմբմանը միտված քայլեր ու բացառապես պետական շահերով պայմանավորված օրակարգի ձևավորում։ Իշխանությունները ևս մեկ հնարավորություն ունեն՝ ընտրություններից հետո ձեռնարկել հանրային բևեռացումը և թշնամանքը լիցքաթափելու ուղղությամբ։

Սակայն նրանք, ընտրություններում իրենց պյուռոսյան հաղթանակից գլուխները կորցրած, չեն ցանկանում սթափվել ու վերադառնալ դաժան իրականություն։ Իշխանություններն ուղղակի «պողպատե» մանդատի տրամաբանության ներքո չարացած շարունակում են ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները, քաղաքական մրցակիցների հետապնդումները, քաղաքական վենդետաների ու կադրային ջարդի քաղաքականությունը։ Նրանք չեն տեսնում սեփական մեծ, ահռելի, կործանարար բացթողումները, սակայն անողոք են ուրիշների նկատմամբ։ Եվ անգամ այնպիսի իրավիճակ է, որ արդեն հույս էլ չկա, որ շեղվելու են այս՝ անդունդ տանող ճանապարհից, քանի որ փողոցից պատահաբար իշխանության հասած մարդիկ ուղղակի ընդունակ չեն պետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները լուծել։ Նրանք այսքան ժամանակ միայն պատեհ-անպատեհ փիառվելով ու ուրիշներին մեղադրելով են զբաղվել։ Ըստ այդմ, իշխանություններն իրենց մեծամիտ աշխատելաոճով ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան հասնում են առկա խնդիրների հանգուցալուծմանը։ Իսկ դա միայն թուրքերին ու ադրբեջանցիներին է ձեռնտու։

Այդ պատճառով էլ թշնամին, զգալով իշխանությունների թուլամորթությունն ու ապիկարությունը, անպատիժ խախտում է մեր երկրի սահմանները, կրակահերթեր արձակում մեր զինվորների ուղղությամբ, սպառնում սահմանամերձ համայնքների բնակիչներին, գողանում նրանց անասունները և խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, իսկ պետությունն ի վիճակի չէ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը։ Ստացվում է մի իրավիճակ, որ ամեն օրվա հետ իշխանությունները մսխում են իրենց «հաղթանակը», ինչպես մսխեցին «հեղափոխությունը»։ Եվ ժամանակը ցույց է տալիս, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունն, ըստ էության, ոչ թե լուծեց ներքաղաքական ճգնաժամը, այլ ավելի խորացրեց այն։

Թերևս պատահական չէ, որ ընտրություններից շատ չանցած՝ քաղաքագիտական և վերլուծական շրջանակներում արդեն կարծիքներ են սկսել շրջանառվել, որ կարճ ժամանակ անց հնարավոր են արդեն նոր արտահերթ ընտրություններ։ Այս առումով Հայաստանի մի շարք համայնքներում աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները կարող են լակմուսի թղթի դեր խաղալ և հիմքեր ստեղծել նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ զարգացումներ տեղի չունենան։ Ասենք, եթե չորոշեն անցնել նախագահական կառավարման համակարգի ու անցկացնել նախագահական ընտրություններ...

Մանրամասները՝ Փաստ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը