Ներքին 5 տարի առաջ - 15:25 01-06-2021

Ֆրանսիայի Ազգային ժողովում մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ. «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում` Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը:

«Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ` հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:

Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի