Ներքին 5 տարի առաջ - 12:46 19-02-2021

«ԱՆԳԱՄ ՄԵԿ ԿՐԱԿՈՑՆ Է ԽԱԹԱՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՆԴՈՐՐՆ ՈՒ ԽԱՂԱՂԿՅԱՆՔԸ». ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբության իր էջում հայտարարել է, որ Սյունիքի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:

Անդրադառնալով հրապարակումներին, թե Սյունիքի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում, ՄԻՊ-ը նշել է, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե այսկերպ մեղմվում է կրակոցների վտանգը:

«1․ Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում:

2. Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում և որը գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

«Հետևաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում