Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սպառնացել է արգելափակել Եվրամիության հաջորդ՝ յոթնամյա բյուջեի ընդունումը, եթե Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան հրաժարվեն մասնակցել Ուկրաինային տրամադրվող 45 միլիարդ եվրոյի նոր վարկի ֆինանսավորմանը։ Այս մասին, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է Politico-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ Մերցը պահանջում է, որ բոլոր չորս երկրները մասնակցեն Կիևին տրամադրվող վարկի համար ԵՄ-ի ներգրաված փոխառությունների սպասարկման ծախսերի բաշխմանը։
Հարցը կդառնա նոյեմբերի 26-27-ին կայանալիք եվրոպական առաջնորդների գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։
Հունգարիան, Սլովակիան և Չեխիան ավելի վաղ հասել էին Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի ֆինանսավորման մեխանիզմից իրենց բացառելուն։ Այժմ այդ երկրները, Բուլղարիայի հետ միասին, դեմ են նաև նոր վարկի ֆինանսավորմանը մասնակցելուն։
Միևնույն ժամանակ, այս պետությունները Եվրամիության բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են ստանում, այդ թվում՝ տարածաշրջանային զարգացման ծրագրերի համար։ ԵՄ բյուջեի խոշորագույն ներդրող Գերմանիան պահանջում է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցության ծախսերը բաշխվեն միության բոլոր 27 անդամ երկրների միջև։
Նոյեմբերի 18-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է 2027 թվականին Ուկրաինային տրամադրել լրացուցիչ՝ 45 միլիարդ եվրոյի վարկ։ Նախատեսվում է, որ դրա սպասարկման ծախսերը կհոգան Եվրամիության բյուջետային մեխանիզմների միջոցով։