Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ծավալուն հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի պաշտոնական կայքին։ «Ալ-Ահլիի» կիսապաշտպանը խոսել է Ջիդդայում իր առաջին ամիսների, թիմում հաջող մեկնարկի, Իվան Թոնիի հետ խաղային համագործակցության և չեմպիոնական հավակնությունների մասին։ Գրում է Armsport-ը:
Սպերցյանն անդրադարձել է նաև «Կրասնոդարում» անցկացրած տարիներին, նոր ակումբի երկրպագուներին ու Հայաստանի հավաքականի ավագ լինելու պատասխանատվությանը՝ առանձնահատուկ տեղ հատկացնելով Հենրիխ Մխիթարյանին։
Առաջնությանը հետևելու և առաջին տպավորությունների մասին
«Անկեղծ ասած՝ նախկինում բոլոր խաղերին չէ, որ հետևում էի, բայց կենտրոնական հանդիպումները փորձում էի դիտել ընկերներիս հետ։ Շատ հետաքրքիր էր, բայց երբ հայտնվեցի այստեղ, հասկացա, որ հեշտ չէ․ բավականին դժվար է, հատկապես ամռանը, որովհետև շատ շոգ է։ Այնուամենայնիվ, շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար»։
Երազանքի նորամուտի և առաջին գոլի մասին
«Իհարկե, ինձ համար սա լավ մեկնարկ է։ Միգուցե դժվար էր նման բան սպասելը, բայց ես հավատում էի, որ կարող եմ, և մեծ շնորհակալություն թիմակիցներիս, որոնք օգնեցին գոլ խփել։ Երբեք չեմ մոռանա «Ալ-Ահլիի» կազմում իմ առաջին պաշտոնական գոլը։ Շատ լավ եմ հիշում գրոհը, և երբ գնդակը հայտնվեց ոտքիս տակ, պարզապես ուզում էի ամբողջ ուժով հարվածել ու գոլ խփել։ Շատ երջանիկ էի և երբեք չեմ մոռանա այդ օրը։
Հարձակման գծում հաջող խաղը միայն իմ շնորհիվ չէ, դա թիմակիցներիս վաստակն է։ Շատ ուրախ եմ, որ կարողանում եմ լավ խաղ ցուցադրել, թեև միշտ կան բաներ, որոնց վրա պետք է աշխատել»։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: