Ներքին 13 րոպե առաջ - 15:05 14-11-2026

Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան

Երևանում TOON EXPO/Տուն էքսպո-ն մեկնարկեց սկանդալով։ Բնակարաններ առաջարկող այս միջոցառմանը ներկա է նաև Founder Global ընկերությունը, որն իր նախագծերի շարքում առաջարկում է «Միլենիում»-ը։ Խնդիրն այն է, որ «Միլենիում»-ի տարածքում պետք է կառուցվեր «Դալմա Պանորամա» բնակելի համալիրը, որը պատկանում էր «Սահակյան Շին» ընկերությանը։ Այս մասին իր էջում գրում է լրագրող Նարեկ Կիրակոսյանը

«Ես և բազմաթիվ քաղաքացիներ «Դալմա Պանորամա»-ում բնակարաններ ենք ամրագրել՝ վճարելով ամրագրման համար նախատեսված գումարը։ Անձամբ ես դեռևս 2022 թվականից եմ ամրագրում կատարել։ Հիմա ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ անակնկալ կերպով տեղեկանում ենք, որ «Սահակյան Շին»-ի ներկայացուցիչ Կարեն Սահակյանը Karen Sahakyan (լուսանկարում՝ աջից) վաճառել է տարածքը, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նաև նախագիծը Founder Global ընկերությանը, որի ներկայացուցիչը Աբել Մեսրոպյանն է (լուսանկարում՝ ձախից)։

«Սահակյան Շին»-ը նույն ջանասիրությամբ, որով պայմանագրեր էր ստորագրել տալիս և քաղաքացիներից ամրագրման գումարներ հավաքում, նույն կերպ գրավոր չի ծանուցել նրանց իր գույքը և, հնարավոր է, նաև նախագիծը վաճառելու մասին։ Սակայն գնորդներն այդ մասին տեղեկանում են շրջանառվող լուրերից և այն փաստից, որ «Դալմա Պանորամա»-ի տարածքում արդեն ներկայացվում է «Միլենիում» նախագիծը։

Կարեն Սահակյանի գործողությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է ստանան տարիներ շարունակ նրա ընկերության հետ հույսեր կապած քաղաքացիները։

Կարեն Սահակյանը նույնիսկ հարկ չի համարել զանգահարել և տեղեկացնել, որ կարող ենք հետ ստանալ մեր ամրագրման գումարները։ Ընդ որում՝ խոսքը միայն տարիներ առաջ վճարված գումարի մասին չէ։ Այդ գումարն այս տարիների ընթացքում ինչ եկամուտ կարող էր բերել ինձ և մյուս քաղաքացիներին, նույնպես պետք է հաշվարկվի։

Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն Կարեն Սահակյանի և «Սահակյան Շին»-ի հետ «Դալմա Պանորամա» նախագծի շրջանակում, պահպանել իրենց ամրագրման պայմանագրերն ու վճարման կտրոնները և չշտապել առանձին-առանձին գումարները հետ պահանջել՝ առանց ստեղծված իրավիճակի իրավական հետևանքները գնահատելու։ Այս թեմային առաջիկայում առավել հանգամանալից կանդրադառնամ։

Այս պատմությունն այսպես չի կարող անցնել ու գնալ։

«Միլենիում»-ի ներկա և ապագա գնորդները պետք է իմանան, որ այս նախագծի տարածքի հետ կապված կան բազմաթիվ քաղաքացիների չլուծված խնդիրներ։ Մարդիկ, որոնք տարիներ առաջ գումար են վճարել և սպասել իրենց բնակարաններին, այսօր անորոշ իրավիճակում են հայտնվել։ Նոր նախագծի վաճառքը չի կարող անտեսել այս հանգամանքը։

Founder Global ընկերությունը նորություն է հայաստանյան շուկայում։ Իր գործունեության մեկնարկի մասին ընկերությունը հայտարարել է այս տարվա սեպտեմբերին։ Արդյո՞ք այս ընկերությանը մտահոգում է, որ իր գործունեությունը սկսում է նման պատմության ֆոնին։ Արդյո՞ք ընկերությունն ուսումնասիրել է տարածքի և նախկին նախագծի պատմությունը, տեղյա՞կ է նախկին գնորդների հետ կապված խնդիրներին։ Եթե այս ընկերությունը մտածում է իր բրենդի մասին և հանդես է գալիս որպես հաճախորդամետ ընկերություն, ապա պետք է հետևություններ անի։ Այս մասին առաջիկայում առավել մանրամասն կխոսեմ։ Ընդհանրապես, այս թեման մշտապես բարձրաձայնվելու է։ Գործարքի բոլոր կողմերին առանձին-առանձին կանդրադառնամ, այդ թվում՝ իմ յութուբյան ալիքի միջոցով։

Toon Expo-ի կազմակերպիչներն էլ լավ կլինի պատասխանեն՝ արդյո՞ք տեղյակ են, որ իրենց կազմակերպած միջոցառման շրջանակում վաճառվում է մի նախագիծ, որի տարածքում նախկինում այլ անունով նախագիծ է ներկայացվել, և որի հետ կապված կան բազմաթիվ նախկին գնորդներ։ Առնվազն մի քանի տասնյակ նման քաղաքացիների ճանաչում եմ։

«Դալմա Պանորամա»-ում ամրագրումներ ունեցողներին առաջարկում եմ կապ հաստատել ինձ հետ։ Կարծում եմ՝ պետք է համախմբվել, իրավաբանական խորհրդատվություն ստանալ և համատեղ դիմել դատարան՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով հայցի ապահովման միջոց կիրառել, այդ թվում՝ հողատարածքի նկատմամբ այնպիսի գործողությունների արգելք, որոնք կարող են խոչընդոտել մեր իրավունքների պաշտպանությանը, մինչև մեր խնդիրներին վերջնական լուծում տրվի։

Այս հարցը պետք է լուծում ստանա»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
15:26 Սիրահարվել կրկին ու կրկին. Ռոմելա Սարգսյանի խորհրդավոր գրառումը
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված