Լեհաստանի մայրաքաղաքի իշխանությունների տվյալներով՝ չորեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, Վարշավայում ազգայնականների և ծայրահեղ աջերի նախաձեռնությամբ անցկացված այսպես կոչված «Անկախության երթը» հավաքել է մոտ 250,000 մարդու։ Կազմակերպիչների խոսքով՝ երթին միացել է կես միլիոնից ավելի մասնակից։ Գրում է
DW-ն, հղում անելով France-Presse-ին,։
Ցույցի մասնակիցներից մի քանիսը ջահեր էին կրում, որոնցից խիտ ծուխը պարուրել էր երթի մասնակիցներին։ Շատերը եկել էին կարմիր և սպիտակ հագուստով։ Ցուցարարները ծածանում էին ազգային դրոշներ։ Միջոցառումն ուղեկցվել է անվտանգության ուժեղացված միջոցառումներով։
Լրագրողները հայտնում են, որ Մշակույթի և գիտության պալատի մոտ տեղադրվել են այսպես կոչված «անկախության քաղաքի» վրաններ և տաղավարներ: Այնտեղ բաժանվել են աղոթագրքեր, կարմիր և սպիտակ ծաղկեպսակներ, տաք թեյ և թթու կաղամբ, ինչպես նաև ազգայնական գրքեր՝ աջ ծայրահեղական խորհրդանիշներով:
Աջ ծայրահեղականները նման ցույցեր են կազմակերպում Լեհաստանում ամեն տարի՝ 2011 թվականից ի վեր: Միջոցառումը, ըստ կազմակերպիչների, նախատեսված է նշելու Լեհաստանի անկախության վերականգնումը 1918 թվականի նոյեմբերի 11-ին՝ Ռուսաստանի, Պրուսիայի և Ավստրիայի կողմից 123 տարի տևած օտարերկրյա տիրապետությունից հետո:
Լեհաստանի նախագահ Նավրոցկին նույնպես միացել է այս տարի երթին: Գործակալության լուսանկարներում նա ցույց է տալիս ազգային դրոշը: France-Presse-ի հաղորդման համաձայն՝ Նավրոցկին պաշտպանել է «ուժեղ և կարողունակ պետության» գաղափարը և քննադատել «ժողովրդի կամքին հակառակ գործող էլիտաներին»:
Վարչապետ Տուսկը հայտարարել է, որ չի մասնակցելու ցույցին: Փոխարենը, նա կոչ է արել լեհերին միավորվել՝ հայտարարելով. «Նոյեմբերի 11-ին բոլոր սրտերը սպիտակ և կարմիր են»: