Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և Ապշերոնյան թերակղզում նոյեմբերի սկզբից սկսված աննախադեպ առատ տեղումները հանգեցրել են լայնամասշտաբ հեղեղումների:
Հորդառատ անձրևների հետևանքով քաղաքի մի շարք կենտրոնական և արվարձանային թաղամասեր հեղեղվել են, ինչի հետևանքով ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամբողջությամբ կաթվածահար է եղել։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ աղետալի այս իրավիճակի հիմնական պատճառը քաղաքի հին և անբավարար թողունակությամբ անձրևատար-ջրահեռացման համակարգն է, որը չի դիմացել տեղումների նման ծանրաբեռնվածությանը։
Մինչ Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները շարունակում են ջրհեռացման և փրկարարական աշխատանքները, հիդրոօդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ կայծակով ուղեկցվող հորդառատ անձրևները տարածաշրջանում կպահպանվեն մինչև նոյեմբերի 10-ը, ինչի պատճառով իշխանությունները բնակչությանը հորդորում են ցուցաբերել առավելագույն զգուշություն։