Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է անշարժ գույքի շուկայում նկատվող գնային փոփոխությունների և Հայաստան ժամանող օտարերկրացիների հոսքերի հնարավոր փոխկապակցվածությունը։
Այս համատեքստում
Oragir.News-ը սույն թվականի սեպտեմբերի 16-ին պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել 2026 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ՀՀ սահմանային անցման կետերով մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը, ինչպես նաև 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատական պատկերը։
Հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմից տրամադրել են պետական սահմանի անցման կետերով օտարերկրյա քաղաքացիների մուտքերի վերաբերյալ կոնկրետ քանակական տվյալներ։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ դիտարկվող երկու ամիսների ընթացքում բոլոր անցակետերով ՀՀ մուտք գործած օտարերկրացիների ընդհանուր թիվը 2025 թվականի 620,195-ից 2026 թվականին հասել է 748,129-ի՝ արձանագրելով շուրջ 20.6% աճ: 2026 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ օտարերկրյա քաղաքացիների մուտքերի աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական անցակետերում «Զվարթնոց» օդանավակայանով մուտքերի թիվը 198,789-ից աճել է մինչև 235,303:
«Բագրատաշեն» անցակետով (վրացական սահման) մուտքերը 72,716-ից դարձել են 86,564: «Բավրա» անցակետով արձանագրվել է 39,042 մուտք՝ նախորդ տարվա 35,138-ի դիմաց։ «Մեղրի» անցակետով (իրանական սահման) մուտքերը ևս աճել են՝ 16,330-ից հասնելով 21,662-ի։ «Գյումրի» անցակետով գրանցվել է 5,712 մուտք (2025 թ.՝ 3,359):
Սեպտեմբեր ամսին ևս պահպանվել է մուտքերի աճի միտումը, ընդ որում՝ օդային սահմանով ժամանումների քանակը մնացել է բարձր մակարդակի վրա «Զվարթնոց» օդանավակայանով սեպտեմբերին ՀՀ է մուտք գործել 212,779 օտարերկրացի (2025 թ. սեպտեմբերի 173,814-ի համեմատ)։ «Բագրատաշեն» անցակետով մուտքերի թիվը կազմել է 69,730 (2025 թ.՝ 56,415)։ «Մեղրի» անցակետով արձանագրվել է 22,837 մուտք (2025 թ.՝ 16,563)։
«Բավրա» անցակետով մուտքերի քանակը կազմել է 29,376 (2025 թ.՝ 25,701)։ Այլ անցակետերում, ինչպիսիք են «Այրումը», «Գոգավանը», «Պրիվոլնոյեն» և «Էրեբունին», հոսքերը եղել են համեմատաբար փոքրաքանակ, սակայն ընդհանուր պատկերի վրա էական փոփոխություն չեն մտցրել։

Անշարժ գույքի շուկայի մասնագետները, անդրադառնալով տվյալներին, նշում են, որ սահմանային մուտքերի մոտ 20% աճը բնականոն կերպով ավելացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալության պահանջարկը, ինչն իր հերթին ազդակ է հանդիսանում գների բարձրացման համար:
Այնուամենայնիվ, տնտեսագետները հորդորում են հաշվի առնել, որ սահմանային մուտքերի ընդհանուր վիճակագրությունը ներառում է ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տարանցիկ ճամփորդներին ու հայրենադարձներին, հետևաբար բնակարանների գների աճը պայմանավորված է մի շարք տնտեսական գործոնների համախմբով, որտեղ արհեստականորեն կամ սպեկուլյատիվ եղանակով գին թելադրելու փորձերը ևս ունենում են որոշակի դերակատարում:
Հասմիկ Մովսիսյան