Oragir.News-ի հետևողական
անդրադարձներից հետո Ավան վարչական շրջանում 6 անչափահաս երեխաների հետ 30 քմ տարածքով բորբոսնած ու խոնավ սենյակում բնակվող միայնակ մայր Հերմինե Հարությունյանի խնդիրը, ի վերջո, իրավական և գործնական ընթացք է ստացել։
Հիշեցնենք, որ
Oragir.News-ն իր նախորդ՝
«Խոստացան ու խաբեցին. Սոցապը չեղարկել է բազմազավակ մոր կացարանի որոշումը» վերտառությամբ հրապարակման մեջ մանրամասն ներկայացրել էր, թե ինչպես է պետության նոր ավտոմատացված համակարգի պատճառով ընտանիքը զրկվել 59 000 դրամ ընտանեկան նպաստից, ինչպես նաև տեղական ՄՍԾ-ի կողմից չեղարկվել սոցիալական կացարանի տրամադրման նախնական որոշումը։
Ավելին՝ ընտանիքին անհիմն կերպով ճանաչել էին լիովին «ապահովված»՝ զրկելով նաև սոցիալական բոլոր տեսակի զեղչերից։ Լրատվամիջոցի հերթական հրապարակումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է, և պետական պատասխանատու մարմինները ստիպված են եղել գործուն քայլեր ձեռնարկել։
Հերմինե Հարությունյանը
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայությունից իրեն տան առաջարկ են արել։
Թեև առաջարկված տունը գտնվում է Վանաձոր քաղաքին կից գյուղերից մեկում, և բազմազավակ մայրը ստիպված է եղել հրաժարվել դրանից, նա ընդգծում է, որ սա արդեն հստակ առաջընթաց է։
«Ես հրաժարվեցի այդ տարբերակից, քանի որ առողջական խնդիրներ ունեցող երեխայիս ամեն ամիս Երևանի բուժհաստատություններ բերելը մեծ դժվարություններ էր ստեղծելու ինձ համար։ Ես հստակ նշել եմ հրաժարվելու պատճառը և դիմումի մեջ խնդրել եմ տուն առաջարկել Երևանին կից տարածքներում։ Ամենակարևորն այն է, որ ես արդեն հստակ հերթի մեջ եմ, ինչի համար անչափ շնորհակալ եմ ձեզ»,- ասաց բազմազավակ մայրը։
Բացի այդ, Հերմինեն հավելեց, որ այսուհետ հարցը տեղափոխվել է բացարձակ պաշտոնական և վերադաս մակարդակ. «Կարևորը՝ ամեն ինչ ընթացք ստացավ, ու ես Ավանի տարածքային սոցապի հետ այլևս կապ չեմ ունենալու։ Ամեն ինչ էլեկտրոնային փոստով անմիջապես նախարարությունից է գալու, նամակով, ես էլ նույնկերպ պաշտոնապես պատասխանելու եմ»։
Բազմազավակ մայրը նաև անկեղծացավ, որ մինչև
Oragir.News-ին դիմելը փորձել է կապ հաստատել մի քանի այլ լրատվամիջոցների հետ ևս, սակայն ոչ մի խմբագրություն չի ցանկացել լսել իրեն կամ ձեռք մեկնել այս ծանր իրավիճակում։
Oragir.News-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Հերմինե Հարությունյանի ընտանիքի բնակարանային ապահովման գործընթացը՝ հետամուտ լինելով, որպեսզի նախարարության կողմից առաջարկվող հաջորդ տարբերակները համապատասխանեն հաշմանդամություն ունեցող երեխայի առողջապահական կարիքներին և Երևանի մոտակայքում լինելու պահանջին։
Հասմիկ Մովսիսյան