Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից տարիներ անց էլ հասարակության շրջանում շարունակում են հարցեր հնչել դրա բացահայտման և պատասխանատվության վերաբերյալ։
Քաղաքացիների մի մասը կարծում է, որ գործի վերաբերյալ դեռ կան չպարզաբանված հանգամանքներ, և հարց է բարձրացնում՝ ինչու դրանք մինչ օրս ամբողջությամբ բացահայտված չեն։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչ կարծիք ունեն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման վերաբերյալ, արդյոք այն համարում են ամբողջությամբ բացահայտված և ինչով են պայմանավորում Նիկոլ Փաշինյանի՝ այդ հարցում քայլերի բացակայությունը։
Հարցվածներից մեկի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտված է եղել ի սկզբանե, պարզապես այն ծածկել են։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրենք գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, սակայն ղեկավարությունը չի բարձրաձայնում այդ մասին։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ բացահայտել իրականությունը։
Հարցվածներից մեկի խոսքով՝ ոճրագործությունը բացահայտված չէ, քանի որ հայտնի չէ՝ ով է դրդել այդ ոճրագործությանը: Քաղաքացին կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը չի բացահայտում այն, քանի որ «նրանց կողմից է», և եթե մինչ օրս չեն բացահայտել, ապա հետագայում էլ չեն բացահայտի։
Մեկ այլ քաղաքացի էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է բացահայտել ոճրագործությունը, սակայն չի կարողանում, քանի որ գործի վերջը փակել են և թույլ չեն տալիս բացահայտել ամբողջ ճշմարտությունը։
Մանրամասները`տեսանյութում: