Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Պատգամավորն անդրադարձել է օրեր առաջ Շինարարների փողոցում կրպակների, շինությունների ապամոնտաժման օրինականության հարցին, մասնավորապես՝ իր աներորդու բենզալցակայանի քանդման հետ կապված խնդիրներին, ընդգծելով, որ բենզալցակայանը քանդման ենթակա չի եղել։
Մեսրոպ Մանուկյանը խոսեց նաև մանկապարտեզների անորակ շինարարության փաստերի մասին, որոնց դեմ պայքարելու արդյունքում ինքը հիմա հանիրավի հետապնդվում է։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ռուսական հարաբերություններին։ Մեսրոպ Մանուկյանը հանդիմանեց նախկին իշխանություններին, որոնք խորացրել են Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ Իսկ հիմա բոլորը մեղադրում են ներկայիս ընդդիմությանը ռուսամետ դիրքորոշում հայտնելու համար։
Մեսրոպ Մանուկյանը հիշեց նաև գեներալ Մանվել Գրիգորյանին, որի օգնականն է եղել տևական ժամանակ։ Նա հիշեց Մանվել Գրիգորյանի ուսանելի խոսքերը, որոնք պետք է ժառանգել որպես կարևոր դասեր։ Պատգամավորը պատմեց նաև 44-օրյա պատերազմին իր և գեներալի մասնակցության և իրավիճակի մասին։
Մեսրոպ Մանուկյանը հիշեց նաև 2008-ի Մարտի 1-ի օրերին երկրապահի ներգրավվածության մասին։ Նա հայտարարեց, որ Մարտի 1-ից հետո Մանվել Գրիգորյանն ասել է, որ երկրապահը չպետք է Ազատության հրապարակ մտներ։
Գևորգ Էմին-Տերյան