Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:53 16-10-2026

«Վառեմ-մարեմի» պատշգամբը փլուզվում է․ պատմական շենքի ճակատագիրն անհայտ է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի հայտնի «Վառեմ-մարեմ» շենքի պահպանության հարցը կրկին ուշադրության կենտրոնում է։

Հոկտեմբերի 14-ի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հիշեցրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը թույլատվություն չի տալիս, որպեսզի վերականգնվի պատմամշակութային շենքը։

«Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի պատշգամբը փլուզման վտանգի տակ է, իսկ շենքի վերականգնման ընթացքի, իրականացված աշխատանքների և հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ օրակարգում, բայց դեռևս անորոշ։ Նշենք, որ Գյումրիի այցեքարտերից մեկը համարվող շենքը 2009 թվականից քաղաքային գույք չի հանդիսանում։ Տարիների ընթացքում այն փոխանցվել է տարբեր կառույցների, քննարկվել են վերակառուցման մի քանի ծրագրեր, սակայն շենքի պահպանության խնդիրը չի ստացել վերջնական լուծում։

2021 թվականին կառավարությունը շենքը փոխանցել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին՝ այն վերակառուցելու և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը այնտեղ տեղակայելու նպատակով։

Ծրագիրը նախատեսված ժամկետներում չիրականացվեց, իսկ պատմական կառույցի վիճակը շարունակում էր վատթարանալ։ 2024 թվականի օգոստոսի 29-ին կառավարությունը որոշում կայացրեց շենքը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից հետ վերցնելու և «Տաշիր» բարեգործական հիմնադրամին վերականգնման նպատակով հանձնելու մասին։

Պայմանավորվածության համաձայն՝ աշխատանքները պետք է իրականացվեն հիմնադրամի միջոցներով, իսկ վերականգնումից հետո շենքը փոխանցվի ԿԳՄՍ նախարարությանը՝ մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործելու համար։ Վերականգնման վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի հունիսի 1-ը։ Սակայն շենքի վերականգնման ընթացքի վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ։

Oragir.News-ի՝ 2026 թվականի հուլիսի 24-ի հրապարակման համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Հովիկ Ղազարյանը հայտնել էր, որ իրականացվում են նախագծային աշխատանքներ, իսկ շինարարության թույլտվության համար անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարության համաձայնությունը։

Նրա խոսքով՝ 2025 թվականին տրամադրվել էր ամրակայման թույլտվություն, քանի որ շենքը խիստ վթարային վիճակում էր, և քարերի ընկնելու վտանգ կար։ Ճարտարապետի փոխանցմամբ՝ վերականգնումից հետո կառույցը նախատեսվում է օգտագործել որպես թանգարան և պատկերասրահ։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու շենքի ներկա վիճակը, վերականգնման աշխատանքների ընթացքը, նախարարության կողմից տրված կամ դեռևս չտրամադրված համաձայնությունները և կառույցի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Նախարարության պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակենք։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան