Oragir.News-ը ներկայացնում է հոկտեմբերի 14-ի ամփոփ լուրերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը» վերտառությամբ։
«Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա այս տրամաբանությամբ, սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանն ու Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն․․․»,- ասել է Փաշինյանը։
Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակոըւթյան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։
Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։
Շիրակի մարզում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, որի հետևանքով կին հետիոտն է մահացել, իրավապահները ձերբակալել են բեռնատարի՝ ազգությամբ թուրք վարորդին:
Այս մասին Oragir.News-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից։ Ինչպես հայտնեցին կոմիտեից՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ վարորդը ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում։ «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի էր ենթարկել կին հետիոտնի։ Վերջինս ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությանը։
Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունները՝ ՀՀ Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետությունների և միջազգային երկաթուղային ցանցին։
Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ընթացքում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, կառավարման արդյունավետությանը, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին։
Մանրամասները՝ տեսանյութում: