Արտաքին 7 ժամ առաջ - 13:42 12-10-2026

ԱԹՍ-ների հարվածներից վնասված Յանդեքսի դատա-կենտրոնների սարքավորումների փոխարինումը կտևի մոտ կես տարի․ Կոմերսանտ

լժՈւկրաինական հարվածների հետևանքով «Յանդեքս»-ի տվյալների մշակման կենտրոններում շարքից դուրս եկած սարքավորումների փոխարինումը կարող է մինչև վեց ամիս տևել։ Այս մասին Կոմերսանտին հայտնել են ՏՏ ոլորտի աղբյուրները:

Պարբերականի զրուցակիցների գնահատմամբ՝ ընկերությունը կորուստներն ավելի արագ լրացնելու համար գնումներ կսկսի տարբեր, այդ թվում՝ արտասահմանյան ուղիներով, ինչն էլ կարճաժամկետ հատվածում կհանգեցնի «սարքաշարերի» գների բարձրացմանը։ Ընդ որում, նրանց խոսքով, Յանդեքսը ստիպված է լինելու սարքավորումներ ձեռք բերել «վերջին տարիների ամենաթանկ շուկայում»։

«Սրանք շատ խոշոր տվյալների կենտրոններ էին, իսկ դրանց կառուցման պահից ի վեր սկսվեց հաշվողական հզորությունների, հատկապես՝ ԱԲ արագացուցիչների գլոբալ դեֆիցիտն ու գնաճը։ Վերազինումը խոստանում է լինել թանկ և տևական», — պարբերականին հայտնել է «Strategy Partners» ընկերության ներկայացուցիչ Սերգեյ Կուդրյաշովը։

Լրացուցիչ ծախսերը, ինչպես նշում են աղբյուրները, ի վերջո կհանգեցնեն հաճախորդների համար ամպային ծառայությունների գների բարձրացմանը:

Ուկրաինական անօդաչու սարքերը վերջին մի քանի օրվա ընթացքում գրոհել են Յանդեքսի հայտնի վեց տվյալների կենտրոններից երեքը։ Ռուսաստանում և արտերկրում օգտատերերը բախվել են ընկերության ծառայությունների, այդ թվում՝ տաքսի ծառայության աշխատանքի խափանումներին: Յանդեքսն ինքն է սահմանափակել ֆայլերի ներբեռնումը «Յանդեքս Դիսկ» ամպային պահոցից, որպեսզի դատա-կենտրոնների վրա հարձակումից հետո «պահպանի մյուս ծառայությունների աշխատունակությունը»։