Ներքին 3 ժամ առաջ - 17:00 10-10-2026

Խոստացան ու խաբեցին. Սոցապը չեղարկել է բազմազավակ մոր կացարանի որոշումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Oragir.News-ն օրերս անդրադարձել էր Ավան վարչական շրջանում բնակվող բազմազավակ միայնակ մայր Հերմինե Հարությունյանի խնդրին, ով 6 անչափահաս երեխաների (որոնցից մեկն ունի երիկամային ծանր հիվանդություն՝ նեֆրոտիկ սինդրոմ) հետ ապրում է 30 քմ տարածքով վարձով սենյակում և պետության նոր ավտոմատացված համակարգի պատճառով զրկվել էր 59 000 դրամ ընտանեկան նպաստից։ Մեր հրապարակումից հետո իրավիճակը կտրուկ ու աղմկահարույց շրջադարձ է ստացել։

Հիշեցնենք, որ խնդրի հանրայնացումից հետո պետական օղակները արագ արձագանքել էին և ընտանիքին խոստացել 3-ից 5 տարի ժամկետով անվճար սոցիալական կացարան տրամադրել՝ նրանց ճանաչելով որպես միջին անապահովության շեմում գտնվող և անօթևան ընտանիք։ Սակայն, ինչպես պարզվեց, պետական բյուրոկրատիան որոշել է ոչ թե լուծել խնդիրը, այլ անցնել հակահարձակման՝ ընտանիքին զրկելով վերջին հույսից և բոլոր տեսակի արտոնություններից։

Հերմինե Հարությունյանը Oragir.News-ին հայտնեց, որ Միասնական սոցիալական ծառայությունից իրեն պաշտոնապես հայտնել են՝ խոստացված սոցիալական կացարանն այլևս չեն տրամադրում։ Ավելին՝ ընտանիքի «միջին անապահովության» կարգավիճակը չեղարկվել է, և նրանց ճանաչել են լիովին «ապահովված», ինչի պատճառով կինը զրկվել է նաև մինչ այս պահը գործող բոլոր տեսակի սոցիալական զեղչերից։



«Ինձ ասացին, որ այն հասցեում, որտեղ ես ու երեխաներս վարձով ապրում և գրանցված ենք, չգիտես ինչպես իրավաբանական անձ է գրանցված։ Իմ կարծիքով՝ իրենք համակարգով հասցեի նույնականացում են արել և հաշվի են առել տան տիրոջը, ով այլ հասցեում է գրանցված։ Քանի որ մենք պաշտոնական վարձակալության պայմանագիր ունենք, տանտիրոջ այդ իրավաբանական անձը կապել են իմ հասցեի հետ, էդպես միջին անապահովս էլ են կտրել ու բոլոր այն ամենից, որ իրավունք ունեի զեղչից օգտվելու, էդ զեղչերն էլ են կտրել»,- հայտնեց ծայրահեղ հուսահատության մեջ գտնվող մայրը։

Հերմինեի փոխանցմամբ՝ Ավանի ՄՍԾ-ի պետը, տեսնելով ստեղծված իրավիճակը, քմծիծաղով ասել է՝ «սպասի տեսնենք ինչ կարող ենք անել»։ Որպեսզի գոնե «միջին անապահովության» նախկին կարգավիճակը վերականգնվի և ընտանիքը չզրկվի վերջին զեղչերից, կինը ստիպված է եղել նորից նպաստի դիմում լրացնել։

Մեր զրուցակցը նշում է, որ սոցիալական ծառայությունում սկսել են նոր ստեր ու պատրվակներ հորինել՝ մերժումն արդարացնելու համար։ Այժմ էլ առաջ են քաշում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (ՀԿԱԾ) ունեցած վարույթների հարցը, ինչը, ըստ նրանց, մեծ նշանակություն ունի։ Սակայն սա ևս բացահայտ անհեթեթություն է, քանի որ Հերմինեի խոսքով՝ իր ծանոթների 80%-ը, ովքեր նոր համակարգով հաջողությամբ նպաստ են ստանում, ունեն հարկադիրի տակ գտնվող պարտավորություններ, և դա որևէ կերպ չի խոչընդոտել նրանց նպաստառու դառնալուն։

Բազմազավակ մոր խոսքով՝ իր վարձակալած կացարանը կառուցված է անմիջապես հողի վրա, ինչի պատճառով պատերն ամբողջությամբ բորբոսնած են։ «Բորբոսն արդեն «կերել է» պատերը, այլևս չի մաքրվում։ Այնքան ենք քերել-մաքրել, որ արդեն փլվում է։ Հոկտեմբերից մինչև ապրիլի վերջ միայն բորբոս եմ լվանում, որ երեխաներն այդ օդը չշնչեն։ Ինչքան մահճակալ ունեինք՝ բոլորը խոնավությունից փչացել են…»,- պատմում է նա։

Ահա թե ինչ տուն է վարձակալում Հերմինե Հարությունյանն իր անչափահաս և առողջական խնդիրներ ունեցող 6 երեխաների հետ։







Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը
20:25 Ճտերն աշնանն են հաշվում. ես չեմ պարտվել, Փաշինյանը չի հաղթել. Սամվել Կարապետյան
21:37 Սպիտակ տան հանդիպումից հետո Սյուզան Դելի արտաքինը հայտնվել է համացանցի ուշադրության կենտրոնում
20:30 Արտետան դարձել է աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչը․ առաջատարը Ինձագին է