Հարկատուների միջոցներով կազմակերպված միջազգային այցերը պետք է արդարացնեն այդ միջոցների վատնումը։ Այս առումով պարզ չէ, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը գնացել Թուրքմենստան։ Արդարացվա՞ծ է հարկատուների միջոցների ծախսումն այս այցի ընթացքում։
Հոկտեմբերի 8-9-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել՝ ԱՊՀ գագաթաժողով, ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոն և այլն։ Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների՝ տրվել է պաշտոնական ընդունելություն։
ԱՊՀ գագաթաժողովին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը խոսել է 1991-ի Ալմա Աթիի հռչակագրի, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին։ «ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Այդ փաստաթղթով 11 խորհրդային հանրապետություններ, ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, արձանագրեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության գոյության դադարեցումը»,- ասել է Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ալմա-Աթայի հռչակագիրն առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։
Այս խոսքի մեջ կարևորն այն է, որ ԽՍՀՄ-ը չկա։ Ռուսական իներցիոն հավակնությունները խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրների նկատմամբ անհիմն են, չարդարացված, քանի որ ԽՍՀՄ-ը կործանվել է, չկա, իսկ Արևմուտքը միասնական դիմագրավում է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։
Մյուս կողմից անհասկանալի է, թե ի՞նչ է անում ԵՄ-ին միանալու օրենք ընդունած ՀՀ պետության վարչապետը ԱՊՀ գագաթաժողովում։ Արևմուտքը պաշտպանում է Հայաստանը ռուս-ադրբեջանական ագրեսիայից։ Իսկ Փաշինյանը ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, այլև մասնակցում է ԱՊՀ գագաթաժողովին՝ անիմաստ մսխելով հարկատուների միջոցները։ Անհասկանալի է, թե ինչո՞ւ է նա Լուկաշենկոյի հետ նույն սեղանի շուրջ նստում, լուսանկարվում, ի՞նչ ունենք նրա հետ։ Նշենք նաև, որ լուսանկարվելու արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, չկարողանալով զսպել իրեն, Նիկոլ Փաշինյանի հետ կատակել է՝ ասելով. «Ուր պետք է փախչի, մեզնից ոչ մի տեղ չես փախչի»։ Այս լուսանկարում Փաշինյանը կանգնել է Բելառուսի և Ադրբեջանի նախագահների միջև։ Սա Հայաստանի համար ցուցադրական նվաստացում չէ՞ր, ՀՀ-ում չգիտեի՞ն, որ Լուկաշենկոն առիթը բաց չի թողնելու Փաշինյանին ծաղրելու համար, ինչո՞ւ նա չհակադարձեց Բելառուսի բռնապետի վիրավորական ռեպլիկին։ Չէ՞ որ այս ծաղրը միայն իրեն չէր ուղղված, այլև Հայաստանին։
Սա էլ ամենը չէ։ Փաշինյանը վաղ առավոտյան հեծանվով դուրս էր եկել քաղաք։ «Սերդար Գուրբանգուլի, ես այսօր առավոտյան հեծանիվով շրջել եմ քաղաքում և պետք է ասեմ, որ տպավորված եմ ճանապարհների որակով, կանաչ տարածքներով, քաղաքի ճարտարապետությամբ և լուսավորությամբ։ Եվ ուզում եմ ասել, որ հատկապես վաղ առավոտյան այստեղ հեծանվորդի համար իսկական դրախտ է»,- ասել է նա իր ելույթի սկզբում։
Այսպիսի անլուրջ բան ԱՊՀ առաջնորդներից ոչ ոք չի անում։ Թուրքմենբաշիի բնակիչները լա՞վ կարծիք են կազմել Հայաստանի մասին, որի վարչապետը կարճ մարզահագուստ հագած, հեծանվով շրջում էր իրենց քաղաքում, ինքն իրեն տեսանկարահանում ու սրտիկ ցույց տալիս։ Ո՞ւմ ինչ էր ուզում ցույց տալ նա։
Պարզ ասած՝ ՀՀ քաղաքացիները կարող են որոշել՝ արժե՞ր այսքանն ասելու, Լուկաշենկոյի ծաղրը կուլ տալու, մի քանի րոպե լուսաբացին հեծանիվ քշելու, կարճ մարզահագուստով սելֆի անելու և սրտիկ ցույց տալու համար գնալ, հասնել Թուրքմենբաշի և ծախսել հարկատուների միջոցները։ Իսկ ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը միառժամանակ ՀՀ-ից դուրս չգա, լավ պատրաստվի, թե ինչ խոսի միջազգային ամբիոններից, ինչպես իրեն պահի օտար երկրում, հատկապես՝ չբարեկամ առաջնորդների հետ շփվելիս։
Թաթուլ Մկրտչյան