Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:22 08-10-2026

«Երևանի ավտոբուսը» պարզաբանել է ուղևորի վնասվածքի դեպքը․ վարորդը միջադեպի մասին տեղյակ չի եղել

Մամուլում վերջին օրերին տարածված այն տեղեկատվության և հրապարակումների վերաբերյալ, թե քաղաքացին հանրային տրանսպորտում վնասել է մատը, ինչից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը իբր լքել է դեպքի վայրը՝ առանց որևէ օգնություն առաջարկելու, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում։

«Սեպտեմբերի 24-ին թիվ 33 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը։

Հենց քաղաքացու ներկայացմամբ էլ՝ նրա ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան այն փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։

Դեպքը տեղի է ունեցել երթևեկության համեմատաբար ինտենսիվ ժամի ընթացքում։ Վարորդը, հաշվի առնելով երթևեկության պայմանները և ուղևորների քանակը, հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, ինչն անմիջապես կատարել է, ապա կանգառում կրկին բացել դուռը։ Այդ պահին վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վարորդը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նրա հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով և անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամությամբ։

Միաժամանակ ընկերությունը փորձել է պարզել դեպքի իրավական և ապահովագրական ընթացակարգը։ Մասնավորապես, ընկերության տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ դիմել է քաղաքացին, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։

Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից կատարված բժշկական և այլ ծախսերին, դրանց փոխհատուցման հարցը կարգավորվում է գործող ապահովագրական ընթացակարգով։ Եթե դեպքի մասին համապատասխան տեղեկատվությունը ժամանակին փոխանցված և ապահովագրական պատահարը գրանցված լիներ, այդ գործընթացը հնարավոր կլիներ սկսել համապատասխան կարգով։

Քանի որ միջադեպի պահին վարորդը տեղյակ չի եղել ուղևորի վնասվածքի մասին, անհրաժեշտ տվյալները նույն պահին չեն փոխանցվել ապահովագրական ընկերությանը։
Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բոլոր վարորդներին հստակ հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում, այդ թվում՝ ուղևորի ինքնազգացողության վատացման պարագայում, կանգնեցնել տրանսպորտային միջոցի ընթացքը, տեղեկացնել ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և գործել ստացված հրահանգներին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում վարորդը պարտավոր է օգտագործել ավտոբուսներում առկա առաջին բուժօգնության պարագաները, դիմել շտապօգնության ծառայություն, ինչպես նաև վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները՝ հետագա կապն ապահովելու համար։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ցավում է տեղի ունեցած միջադեպի համար և ուղևորին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Ընկերությունը շարունակում է կապի մեջ լինել քաղաքացու հետ և պատրաստ է իր իրավասությունների շրջանակում աջակցել իրավիճակի պատշաճ կարգավորմանը։

Միաժամանակ կոչ ենք անում հանրային քննարկումների ընթացքում առաջնորդվել բացառապես փաստերով և զերծ մնալ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են թյուր պատկերացում ստեղծել ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ»,- նշում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Ամենից շատ դիտված

19:01 Վերջին նախազգուշացումս է, խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյանը՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին
23:55 Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել «Օլիմպավանի», «Մուլտի Տաբակի», «Եվրոմոտորսի» և «Մուլտի Սթոունի» կապարակնքման որոշումները
20:15 Ձեզնից վախեցող չկա, կարող եք՝ Ալիևի քթից բերեք. Քրիստինե Վարդանյանը՝ Փաշինյանին
16:01 «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել
21:10 34 մլն դրամ կանխիկ, 23 մլն-անոց Toyota․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը
15:00 Ինչպես են Փաշինյանն ու ՔՊ-ին միացածներն իմաստազրկում ժողովրդավարությունը
19:38 Էսօրվա ձեր պահվածքը քթներիցդ հանելու եմ. Փաշինյանը կրկին սպառնում է ընդդիմությանը
14:08 Գիշերը դպրոցի տնօրենը, ուսուցիչն ու երեխայի մայրը ոստիկանությունում են եղել․ նոր մանրամասներ՝ Վարդաձորի դպրոցի աղմկահարույց միջադեպից
21:43 Սահմանամերձ Ախուրիկում այս տարի էլ գազ չեն ունենա․ տները կրկին «ավանդական մեթոդներով» կջեռուցեն
17:24 Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր, նա դիմադրություն ցույց չի տվել. Սուրեն Պապիկյան