Սպորտ 47 րոպե առաջ - 23:10 06-10-2026

Ես ընդունել եմ քանդված հավաքական. Եղիշե Մելիքյան

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման ժամանակ խոսել է Ազգերի լիգայում անցկացրած հանդիպումների, ինչպես նաև վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստների մասին։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին վաստակած 4 միավորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։

— Պարոն Մելիքյան, մոտ մեկ տարի ու մեկ ամիս առաջ, երբ ստանձնեցիք ազգային հավաքականի ղեկը, Ձեր հարցազրույցներն ու ասուլիսները երկրպագուների մոտ մեծ ակնկալիքներ ստեղծեցին: Տպավորություն էր, որ դրական արդյունքներ են լինելու, և հավաքականն ապագա ունի: Անցել է մեկ տարի, և Ազգերի լիգան այն մրցաշարն էր, որտեղ բոլորը կոնկրետ արդյունք էին սպասում: Ի՞նչ պատահեց իրականում:

— Մեծ սիրով կպատասխանեմ, քանի որ գիտեմ՝ այս հարցը բոլորին է հետաքրքրում: Ես ընդունել եմ քանդված հավաքական՝ խոշոր պարտություններով և ոչ առողջ ներքին մթնոլորտով, բայց վստահ էի, որ շատ բան եմ փոխելու: Այս մեկ տարվա ընթացքում խոշոր հաշվով պարտվել ենք միայն Պորտուգալիային, ինչն օբյեկտիվ է. մեր հավաքականն առայժմ պատրաստ չէ հաղթել նման մրցակցի: Բայց մյուս բոլոր թիմերի դեմ մենք եղել ենք մրցունակ, պայքարել ենք մինչև վերջ ու ունեցել ենք հաղթելու հնարավորություն: Մեկ տարի անց մենք ունենք պայքարող, միասնական ու նվիրված թիմ: Տարիներ շարունակ հավաքականը չէր կարողանում անառիկ պահել սեփական դարպասը, իսկ հիմա մենք ընդունակ ենք գոլ բաց չթողնել և հաղթել: Ինչ վերաբերում է Ազգերի լիգային, ապա Լատվիայի և Մոնտենեգրոյի դեմ տնային խաղերից հետո բոլորս ոգևորված էինք. երևաց, որ թիմում կա հաղթողի հոգեբանություն, կարգապահություն և նվիրվածություն:

— Առաջին երկու խաղից հետո իրոք այդպես էր: Իսկ ի՞նչ եղավ երրորդ և չորրորդ խաղերում:

— Խնդիրը ռեսուրսների պակասն էր: Շատերն ասում էին, թե ես արդարանում կամ ապահովագրում եմ ինձ, բայց դա փաստ է: Մեկ տարի առաջ ես չէի կարող գուշակել, որ վճռորոշ խաղերին մոտենալիս ունենալու ենք 14 ֆուտբոլիստի կորուստ:

— Ռեսուրսների թեման ամենաքննարկվողն է: Կարծիքներ կան, որ բացակայող ֆուտբոլիստները, միևնույն է, մեկնարկային կազմում չէին խաղալու…

— Ֆուտբոլը թվեր և փաստեր է սիրում: Եկեք միասին նայենք վնասվածք ունեցողների ցանկը. Հենրի Ավագյան, Վահան Բիչախչյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Ֆինն Գերագուսյան, Ստյոպա Մկրտչյան, Սերգեյ Մուրադյան, Կամո Հովհաննիսյան: Սա մաքուր յոթ հոգի:

— Հովհաննես Համբարձումյանն էլ էր բացակայում հավաքականից, դրան էլ կարող ենք անդրադառնալ:

— Հովհաննես Համբարձումյանն առանձին թեմա է, որի մասին հիմա չեմ ուզում խոսել: Ութերորդը Դավիթ Դավիդյանն է, իններորդը՝ Էդգար Գրիգորյանը…

— Ով ինչ-որ պահի կփոխարինե՞ր Թիկնիզյանին:

— Թիկնիզյանը չորս խաղ անընդմեջ չէր խաղա, Էդգարին կօգտագործեի որպես ռեզերվ, որպեսզի փոխարիներ նրան: Տասներորդը Հովհաննես Հարությունյանն է, որն արդեն լավ մարզավիճակ էր հավաքել: Նա միակն է, որ լավ մարզավիճակում գտնվելու դեպքում կարող է փոխարինել Էդուարդ Սպերցյանին, որպեսզի վերջինս գոնե 30 րոպե հանգստանար և վնասվածքով չխաղար: Սա դեռ միայն տասը հոգին է: Սրան գումարած Բուենոն, Օգնյեն Չանչարևիչը, Բանդիկյանն ու Ղարիբյանը՝ դառնում է տասնչորս: Իսկ տասնհինգերորդը Սպերցյանն էր, ով վերջին խաղում, վնասվածք ունենալով հանդերձ, պնդեց ու մտավ դաշտ՝ թիմին օգնելու համար: Արդեն տասնհինգ կորուստ:

Հավելենք, որ Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելով Կիպրոսի ընտրանուն։

Ամենից շատ դիտված

10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:01 Վանաձորում 25-ամյա վարորդը Ford-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել է․
13:18 Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում
11:58 Մոսկվայի մարզում հայտնել են անօդաչուների զանգվածային հարձակման մասին
11:40 Մեկ շաբաթում պարեկները Երևանում և մարզերում արձանագրել են ավելի քան 26 հազար խախտում
07:30 Չթպրտա և ոչ ոք. Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում․ «Իրավունք»
08:30 Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ»
16:18 Ոտքը կորցնելու վտանգ չկա. ԲԿ-ն հերքում է լուրերը, հարազատները՝ ահազանգում. ինչ է թաքցնում հիվանդանոցը
20:37 Ենթադրենք՝ իրենց ասենք՝ գերիներից մեկին մեզ տվեք, որ էս զինվորին տանք, վաղը որ մեզնից զինվոր անցնի, բա մենք ո՞ւմ ենք տալու
12:13 Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Ոսկեվազի դաշտերում. կան վիրավորներ