Ներքին 1 ժամ առաջ - 20:51 06-10-2026

Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակ ստանալու ծառայությունները կթանկանան

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կթանկանան կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված տուրքերը։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ծառայությունները կթվայնացվեն և կացության կարգավիճակ տրամադրելու բոլոր հիմքերով վարչական վարույթները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով։

Եվ այսպես, ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար պետական տուրքը կսահմանվի 150 000 դրամ՝ նախկին 105 000 դրամի փոխարեն, իսկ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար՝ 250 000 դրամ՝ նախկին 140 000 դրամի փոխարեն։ Ի դեպ, կացության կարգավիճակ տալու դիմումը մերժելու դեպքում գանձված գումարը վերադարձման ենթակա չի լինելու։

Պետական տուրք է սահմանվում նաև բնակության օրինականությունը հավաստող վկայական տրամադրելու համար՝ 30 000 դրամի չափով, մինչդեռ ներկայում դա անվճար է։

Իսկ արդեն 2027 թվականի հունվարի 1-ից պետական տուրք կսահմանվի նաև աշխատանքային վիզայի տրամադրման համար՝ 15 000 դրամի չափով։

ՆԳՆ-ից հայտնում են, որ այս փոփոխությունները պայմանավորված են նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ, ինչպես նաև օտարերկրացիներին ՀՀ-ում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների արդիականացման ու վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Ամենից շատ դիտված