Ներքին Միտք 53 րոպե առաջ - 15:30 06-10-2026

ԱԺ-ում խուլիգանություն անողներն ի՞նչ պատիժ պիտի ստանան

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Բարեկրթությունն ավարտվեց։ Հոկտեմբերի 6-ին ԱԺ դահլիճում պատգամավորների միջև ծեծկռտուք էր, խառը կռիվ, հայհոյանք, փոխադարձ վիրավորանքներ, ոչ ոք բարեկրթության մասին չէր հիշում։ Չնայած՝ այս կռվի մեջտեղում կանգնած էին անվտանգության աշխատակիցները, սակայն ընտրյալները նրանց շան տեղ չէին դնում, խուլիգանական ծեծկռտուքն ու վիրավորանքները շարունակում էին։

Ինչո՞ւ ԱԺ անվտանգության աշխատակիցները ԱԺ-ում համարժեք չեն վերաբերվում հակահասարակական վարք դրսևորող քաղաքացիների նկատմամբ։

Ասում են, թե քաղաքականությամբ զբաղվողը պարտավոր է ոչ միայն խոսքով պաշտպանել և առաջ տանել իր գաղափարներն, այլև ֆիզիկական ուժով։ Սա նշանակում է, որ քաղաքական գործիչը հանուն գաղափարի իրավունք ունի, նույնիսկ՝ պարտավոր է դուրս գալու մարտի, պատերազմի։ ՔՊ-ի համար միակ կռիվը իշխանության համար է։ Ուստի՝ բնական է, որ ՔՊ-ական պատգամավորները խուլիգանական վարք են դրսևորում՝ ցույց տալով, որ իշխանության համար կռվում աննահանջ են, սկզբունքային։ Գուցե դրա համար Նիկոլ Փաշինյանը նրանց պարգևատրում կտա, պաշտոնը կբարձրացնի։ Անկախ այն բանից՝ այս ենթադրությունը ճիշտ է, թե ոչ, պատգամավորների խուլիգանությունն ԱԺ-ում կայլասերի հանրությանը, իսկ իրավապահը մեղսակից կդառնա այդ այլասերմանը։

1830-ականներին հին ու բարի Անգլիայում Ռոբերտ Պիլը ստեղծեց ոստիկանություն։ Համազգեստ հագած բոբիները պարեկություն էին անում փողոցներում ու բակերում, կանխում հանցագործությունները։ Նրանց տեսնելուց պոտենցիալ խուլիգանները վախենում էին ու խելոքանում։ Դայակները չարաճճի երեխաներին սաստում էին. «Խելոք մնացեք, թե չէ՝ Բոբո քեռին կգա, ձեզ կպատժի»։ Եվ երեխաներն անգամ ոստիկանի անունը լսելիս ձգվում էին, խելոքանում։

Նույնը չենք կարող ասել ԱԺ ՔՊ-ական պատգամավորների մասին։ Նրանք ԱԺ անվտանգության աշխատակիցների ներկայությունից չեն սաստվում, այլ շարունակում են հակահասարակական վարք դրսևորել։ Սա տարօրինակ է։

Փողոցում, օրինակ, ոստիկանները ուժ են կիրառում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք իրենց կարծիքով՝ կարգ են խախտել։ Օրինակ՝ 2024 թվականի հունիսին Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառվեց, նետվեցին ռուսական արտադրության «Զարյա 3» լուսաձայնային նռնակներ։ Բազմիցս ենք տեսել, որ մեծ հանրահավաքների և ցույցերի ժամանակ իրավապահները մեծ ուժեր են կուտակում, որ կանխեն ենթադրյալ օրինախախտումները։ Այսինքն՝ այնպես չէ, որ հասարակական կարգի պահապանն ամուլ է, չգիտի՝ ինչ միջոցներով ու զենքերով կարող է պայքարել հասարակական կարգը խախտողների դեմ։

Մի քանի անգամ թեմային անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե ոստիկանը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է ուժ կիրառել, երբ խախտվում է հասարակական կարգը։ Հետևապես՝ իրավապահները պարտավոր են ԱԺ-ում խուլիգանություն անող պատգամավորների նկատմամբ ուժ կիրառել։ Եթե շատ կատաղած են պատգամավորները միմյանց դեմ կռվում, ապա իրավապահը կարող է մահակ, «Զարյա»-3 կամ ջրցան կիրառել։

Իհարկե, ամոթալի է, որ ԱԺ պատգամավորը, որը առաքինության օրինակ պետք է ծառայի ժողովրդին, խուլիգանություն է անում ԱԺ դահլիճում վերջին փողոցայինի նման։ Հարկատուն պատգամավորին աշխատավարձ է վճարում ոչ թե խուլիգանություն անելու, այլ օրենքներ ընդունելու, ժողովրդի կյանքը կարգավորելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, ազգօգուտ գործունեություն ծավալելու համար։ Հարկատուն անվտանգության աշխատակցին վճարում է, որ նա կարգ ու կանոնը պահպանի։

ԱԺ-ում ծեծկռտուքն ու անվտանգության աշխատակիցների ոչ արդյունավետ միջամտությունը վատ տպավորություն են ստեղծում։ Մարդիկ կարող են սխալ հետևություններ անել։ Օրինակ՝ պատգամավորները օրենքից վե՞ր են, իրավապահն անզո՞ր է կանխել նրանց կողմից հասարակական կարգի դեմ կատարվող ոտնձգությունը, կարելի՞ է կոստյում հագնել, փողկապ կապել, ակնոց կրել ու հասարակական կարգը խախտել։

Կարճ ասած՝ հոկտեմբերի 6-ին ԱԺ-ում ծեծկռտուքը ցույց տվեց, որ ԱԺ-ում հավելյալ իրավապահներ ներգրավելու, նրանց զինելու հարկ կա, որ ԱԺ-ում ոչ ոք խուլիգանություն չանի։ Ավելի կարևոր է խուլիգաններին պատժելը։ Օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե հոկտեմբերի 6-ի ծեծկռտուքի սադրիչն ու մասնակիցները պատժվեն հասարակական վայրում խուլիգանություն անելու համար։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը