Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այս շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ 2017 թվականի համեմատ զգալիորեն փոխված պայմաններում։ CNN-ի վերլուծության համաձայն՝ Չինաստանն այս տարիներին զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում։
Ի վերջո, Վաշինգտոնը համաձայնվել է այցին շնորհել բարձրագույն դիվանագիտական կարգավիճակ՝ պետական այց։ Սա Չինաստանի առաջնորդի առաջին այցն է ԱՄՆ այս կարգավիճակով ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում։
Ծրագիրը ներառում է պաշտոնական արարողություն Սպիտակ տանը, զինվորական պատիվներ և պետական ընթրիք։
Wall Street Journal-ի տվյալներով՝ Պեկինը ձգտում էր ապահովել, որ Սի Ծինփինի ընդունելությունը համապատասխանի Դոնալդ Թրամփի համար մայիսին Չինաստան կատարած այցի ժամանակ կազմակերպված արարողությունների մասշտաբին։
Չինաստանը դարձել է արհեստական բանականության, էլեկտրամոբիլների, ռոբոտաշինության, կիսահաղորդիչների և տիեզերական տեխնոլոգիաների խոշոր կենտրոն։ Միաժամանակ, երկրի արտահանման ծավալներն ու ռազմավարական հումքի, մասնավորապես՝ հազվագյուտ հողային մետաղների մատակարարման շղթաների նկատմամբ վերահսկողությունը Պեկինին լրացուցիչ ազդեցություն են տալիս Վաշինգտոնի հետ բանակցություններում։
Չնայած Չինաստանի տնտեսության մի շարք խնդիրներին՝ ներառյալ երիտասարդների գործազրկությունը, անշարժ գույքի ճգնաժամն ու տեղական իշխանությունների պարտքերը, Պեկինում աճում է վստահությունը սեփական տեխնոլոգիական հնարավորությունների նկատմամբ։
Սի Ծինփինի գլխավոր նպատակներից մեկը, ըստ CNN-ի, ԱՄՆ-ի կողմից չինական տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ նոր սահմանափակումների կանխումն է։ Կողմերը նաև ձգտում են պահպանել առևտրային զինադադարը, քանի որ նոր էսկալացիան կարող է վնասել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի տնտեսություններին։
CNN-ը նաև նշում է, որ Չինաստանը վերջին շրջանում փորձում է ամրապնդել իր դիրքերը որպես համաշխարհային ազդեցիկ ուժ։ Պեկինը ակտիվացնում է հարաբերությունները զարգացող երկրների հետ, իսկ Սի Ծինփինը միջազգային հարթակներում առաջ է մղում Չինաստանի՝ որպես այլընտրանքային համաշխարհային առաջնորդի դերակատարումը։
Հանդիպման կարևոր թեմաներից մեկը կարող է լինել նաև Իրանը։