Ներքին 1 ամիս առաջ - 10:35 20-09-2026

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։

Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել է ամերիկաբնակ փաստաբան Քրիստինե Պարիկյանը։

Նա լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Պարգև սրբազանը ձեռքում պահում են ստացված վիզան։

Պարիկյանի խոսքով՝ սա բացառիկ դեպքերից է, քանի որ հոգևորականները սովորաբար ստանում են այլ կատեգորիայի վիզա՝ EB-4 (աշխատանքային չորրորդ նախապատվության կարգավիճակ ունեցող մշտական բնակության (Green Card) վիզա, որը նախատեսված է հատուկ ներգաղթյալների համար)։

Մինչդեռ EB-1-ն ԱՄՆ-ի աշխատանքային, այսպես ասած, առաջին կարգի ներգաղթային վիզա է (Green Card), որը հնարավորություն է տալիս բացառիկ ունակություններ կամ բարձր որակավորում ունեցող մասնագետներին ստանալ ԱՄՆ-ում մշտական բնակվելու իրավունք։