Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազային այս պահին իրական այլընտրանք չկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկն է։ Առավել ևս, որ այս պահին որևէ իրական այլընտրանք չի նշմարվում»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով, և Մոսկվան իր հերթին մտադիր է պահպանել դրանք։
«Ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը ևս համանման մոտեցում կցուցաբերի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի միջև ռազմական գործակցությանը, ապա, Զախարովայի խոսքով, Ռուսաստանը պատրաստ է քննարկել դրա ընդլայնման հեռանկարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած երկկողմ հարաբերությունների «գույքագրման» շրջանակում։
Ռուս դիվանագետը հավելել է, որ Մոսկվայի և Երևանի միջև ավանդական գործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների կանոնավոր աշխատանքը համապատասխանում են երկու երկրների շահերին։