Երևանի «Փյունիկի» շուրջ վերջին օրերին ծավալված իրադարձությունները մեծ աղմուկ են բարձրացրել հայկական ֆուտբոլային հանրության շրջանում։
Գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի և նրա շտաբի անսպասելի հեռացմանը հաջորդեցին ակումբի նորանշանակ խորհրդական Դմիտրի Սելյուկի կոշտ հայտարարություններն այն մասին, որ չենթարկվողներն ու շանտաժի դիմողներն ակումբում տեղ չունեն։
Մինչ գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Արամ Գյուլբուդաղյանը, թիմի ֆուտբոլիստներն իրենց զորակցությունն են հայտնել Օսեյանին՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական հանդիպման նախավարժանքին դաշտ դուրս գալով նրա լուսանկարով շապիկներով։
Ստեղծված իրավիճակի, կադրային խմորումների և ակումբի հետագա ծրագրերի վերաբերյալ «Будильник Тикнизяна» տելեգրամյան ալիքի հարցերին պատասխանել է «Փյունիկի» նախագահ Անտոն Ֆարբերը։
— Օգոստոսի վերջին «Փյունիկը» հայտարարեց Դմիտրի Սելյուկին ակումբի գլխավոր տնօրենի սպորտային հարցերով խորհրդական նշանակելու մասին։ Ո՞վ է կայացրել այդ որոշումը և որո՞նք են դրդապատճառները:
— Ակումբի ղեկավարությունը մշտապես հնարավորություններ է փնտրում ուժեղացնելու ոչ միայն թիմի կազմը, այլև մարզական կառույցը՝ ներգրավելով ֆուտբոլային շուկայի փորձ, գիտելիքներ և միջազգային կապեր ունեցող մասնագետների։ Մենք ունեցել ենք և ունենք տարբեր խորհրդականներ, այդ թվում՝ Իսպանիայի ամենահաջողակ ֆուտբոլային գործակալություններից մեկի ներկայացուցիչներին:
Ընդ որում, կարևոր է ճիշտ հասկանալ խորհրդականի դերը։ Նրանք չեն մտնում ակումբի հաստիքացուցակի մեջ, աշխատավարձ չեն ստանում և չեն իրականացնում որևէ ֆիքսված օպերացիոն գործառույթ։ Նրանց դերը բացառապես սեփական փորձով կիսվելն է, խաղացողներ առաջարկելը, երաշխավորելը, կապեր տրամադրելը և այս կամ այն սպորտային հարցի շուրջ սեփական տեսլականը ներկայացնելը։ Իսկ վերջնական որոշումները միշտ մնում են ակումբի ղեկավարության վրա։
— Դմիտրի Սելյուկն իր նշանակումից հետո բացահայտ առճակատման մեջ մտավ Արտակ Օսեյանի հետ, ինչից հետո վերջինս լքեց գլխավոր մարզչի պաշտոնը։ Արդյո՞ք այս երկու իրադարձությունները կապված են, և ինչպե՞ս եք վերաբերվում Սելյուկի հայտարարություններին։
— Աշխատանքային հարցերը պետք է քննարկվեն ակումբի ներսում՝ կաբինետում, հանդերձարանում, աշխատանքային խորհրդակցության ժամանակ, այլ ոչ թե մամուլի կամ սոցիալական ցանցերի միջոցով։ Սա վերաբերում է բոլորին՝ առանց բացառության։
Կարծում եմ՝ տարաձայնությունները, որոնք կան գրեթե ցանկացած կոլեկտիվում, պետք է լուծվեն ներսում, տվյալ դեպքում՝ թիմի և ակումբի։ Ես մանրամասն չեմ հետևել, թե ով, ում և ինչ է ասել հրապարակայնորեն, բայց սխալ ու անթույլատրելի եմ համարում ներքին աշխատանքային հարցերը հանրային հարթակ տեղափոխելը։
Ֆուտբոլային կոլեկտիվը շատ նուրբ մեխանիզմ է, որտեղ ծայրահեղ կարևոր են վստահությունը, սուբորդինացիան, փոխադարձ հարգանքը և յուրաքանչյուրի պատասխանատվության գոտիների ըմբռնումը։ Երբ ներքին տարաձայնությունները սկսում են քննարկվել մամուլով, դա հազվադեպ է օգուտ տալիս թիմին։
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք երախտապարտ ենք Արտակ Օսեյանին իր աշխատանքի, պրոֆեսիոնալ վերաբերմունքի, աշխատանքային էթիկայի և արդյունքների համար։ Նա եկավ բավականին բարդ պահի, երբ մրցաշրջանն արդեն մեկնարկել էր, իսկ թիմը համալրվել ու նախապատրաստվել էր այլ մարզչի գլխավորությամբ։
Չնայած դրան՝ նա ընդունեց թիմը և հսկայական աշխատանք կատարեց։ Մենք չէինք պլանավորում բաժանվել գլխավոր մարզչից, ուստի ստեղծված իրավիճակը տհաճ և բարդ է նաև հենց ակումբի համար։
— Ի՞նչ կարող եք ասել «Փյունիկի» այն երկրպագուներին, որոնք անհանգստացած են վերջին իրադարձություններով։
— Ես հիանալի հասկանում եմ նրանց անհանգստությունն ու էմոցիաները։ «Փյունիկը» հսկայական պատմություն և իր երկրպագուների առաջ մեծ պատասխանատվություն ունեցող ակումբ է։ Այն գոյություն է ունեցել մեզանից շատ առաջ և գոյություն կունենա մեզանից հետո, ուստի ակումբի շահերը միշտ պետք է վեր դասվեն ցանկացած անհատի շահերից։
Վերջին իրադարձություններն իդեալական անվանել, իհարկե, չի կարելի։ Սխալ կլիներ երկրպագուներին հակառակում համոզելը։ Ներքին հարցերի հրապարակային քննարկումն ու մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզչի չպլանավորված փոփոխությունը չեն նպաստում թիմի կայունությանը։ Մենք պետք է հետևություններ անենք։ Բայց չէի ցանկանա, որ ակումբի վերջին շրջանի ողջ աշխատանքը գնահատվեր բացառապես մի քանի օրվա իրադարձությունների պրիզմայով։
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին և մարզչական շտաբին այն բանի համար, որ այս բարդ իրավիճակում կարողացան պահպանել կենտրոնացումը, դուրս գալ դաշտ և հաղթել վերջին խաղում։ Սա խոսում է թիմի բնավորության մասին։ Իսկ եթե խոսենք մարզական բաղադրիչից, ապա նախորդ մրցաշրջանում մենք մինչև վերջ պայքարում էինք չեմպիոնության համար և կանգ առանք տիտղոսից ընդամենը մեկ քայլ պակաս։
Եվրոպայում նույնպես արժանապատիվ հանդես եկանք։ Բայց ուզում եմ շեշտել՝ ուղղակի որակավորման փուլերն արժանապատիվ անցնելը մեզ համար բավարար չէ։ Մեր նպատակը եվրոպական մրցաշարերի հիմնական՝ լիգային փուլ դուրս գալն է։ Այս առումով մենք բարի մարզական նախանձով ենք նայում «Արարատ-Արմենիային», որն այս տարի նման հաջողության հասավ: Նրանց արդյունքը մեզ համար և՛ օրինակ է, և՛ լրացուցիչ մոտիվացիա: Վստահ ենք, որ ճիշտ և պրոֆեսիոնալ աշխատանքի դեպքում «Փյունիկը» ևս ունակ է դուրս գալ այդ մակարդակի։
Միևնույն ժամանակ, «Փյունիկի» զարգացումը մեզ համար միայն գլխավոր թիմի արդյունքը չէ։ Լավ օրինակ է Վիկտոր Լաֆուենտեն։ Մենք նրան հրավիրեցինք, որպեսզի զբաղվի միջազգային սկաուտինգի զարգացմամբ։ Իսպանացի խորհրդականների հետ միասին նա մասնակցեց ֆուտբոլիստների, այդ թվում՝ Խավի Մորենոյի ներգրավմանը։ Հետագայում Վիկտորն առաջարկ ստացավ վերադառնալ Իսպանիա և նշանակվեց «Էլդենսեի» մարզական տնօրեն։ Ես ցանկանում եմ, որ «Փյունիկը» լինի վայր, որտեղ զարգանում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլև մարզիչները, սկաուտները, մենեջերներն ու ոլորտի այլ մասնագետներ։
Նույնը վերաբերում է խաղացողներին։ Կառլեն Հովհաննիսյանի վաճառքը, որքանով ինձ հայտնի է, դարձավ «Փյունիկի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը, ինչը չափազանց կարևոր ցուցանիշ է մեզ համար։ Հենց այսպիսի մոդել ենք ուզում կառուցել՝ պայքարել չեմպիոնության համար, դուրս գալ եվրագավաթների խմբային փուլ, զարգացնել խաղացողներին, մեծացնել նրանց տրանսֆերային արժեքը և ստեղծել կայուն տնտեսական ու մարզական համակարգ։ Այս ճանապարհին երկրպագուների աջակցությունն այժմ առավել քան կարևոր է։
— Ո՞վ կգլխավորի «Փյունիկը» Օսեյանի հեռանալուց հետո։
— Մենք դիտարկում ենք մի քանի թեկնածություն և ցանկանում ենք հնարավորինս կշռադատված որոշում կայացնել։ Ընդ որում, մենք չենք ուզում շտապել զուտ նրա համար, որպեսզի օր առաջ հայտարարենք նոր գլխավոր մարզչի անունը։ Վստահում ենք գործող մարզչական շտաբին, որն այժմ կատարում է պարտականությունները, առավել ևս, որ թիմը ճիշտ արձագանքեց իրավիճակին ու հաղթանակ տարավ վերջին խաղում։ Երբ վերջնական որոշումը կայացվի, ակումբը պաշտոնապես կհայտնի այդ մասին։
Armsport