Ներքին 6 ամիս առաջ - 18:00 16-04-2026

Անահիտ Ավանեսյանն «ուրախ ավտոբուսում» պարում է, «Ֆլեշ»-ը՝ նրա պարգևավճարի չափ գումար պահանջում

«Ֆլեշ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Աբովյանի ծննդատուն» պետական ՓԲԸ-ի դեմ՝ պահանջելով բռնագանձել 1,620,000 ՀՀ դրամ պարտք, որը գոյացել է վառելիքի մատակարարման դիմաց։


Պաշտոնական փաստաթղթերից պարզ է դառնում, որ «Աբովյանի ծննդատուն» պետական ՓԲԸ-ն հայտնվել է ֆինանսական լուրջ դժվարությունների մեջ՝ չկարողանալով մարել նույնիսկ իր ընթացիկ պարտավորությունները։ Ինչպես նշեցինք, խոսքը վերաբերում է «Ֆլեշ» ՍՊԸ-ին ունեցած պարտքին, որը հավասար է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մեկ ամսվա պարգևավճարին՝ մոտ 1.6 միլիոն դրամ։



Դատարան ներկայացված նյութերից երևում է, որ գործընթացը սկսվել է 2026 թվականի մարտին, և պարտքի չմարման պատճառով գործը տեղափոխվել է դատական հարթություն։ Նկատենք, որ ստեղծված իրավիճակը ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական և բարոյական երանգ։ Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո հնչեցվող հիմնական խոստումներից մեկը վերաբերում էր նախկինում ապօրինի հարստացման դեպքերի բացահայտմանը, և այսպես ասած՝ «թալանի» վերադարձին։ Սակայն այսօր, փաստացի, արձանագրվում է հակառակ պատկեր։ Ունենք մի իրավիճակ, երբ «հեղափոխականների» լեզվով ասած՝ անգամ «նախկին թալանչի» «Ֆլեշն» է դիմում դատարան՝ պետությունից իր գումարները հետ ստանալու համար։

Հիշեցնենք՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատերը գործարար Բարսեղ Բեգլարյանն է: «Ֆլեշ» ընկերության անունը տարիներ շարունակ կապվել է տարբեր աղմկահարույց պատմությունների հետ։ Ամենահայտնիներից Դիզելային վառելիքի գործն է՝ յուրացման մեղադրանքով։ Այս գործով անցնում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ մեղադրանքի՝ 2013-ին պետական աջակցության ծրագրի շրջանակներում գյուղացիներին մատչելի դիզվառելիք տրամադրելու նպատակով պետբյուջեից վատնվել է շուրջ 489 միլիոն դրամ:

Բարսեղ Բեգլարյանը մեղադրվում էր Սերժ Սարգսյանին հափշտակության կազմակերպմանը դրդելու մեջ: 2024-ին դատարանը նրանց արդարացրեց, սակայն 2025-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանեց այդ որոշումը և գործն ուղարկեց նոր քննության: Թեև Բարսեղ Բեգլարյանի անձնական գույքի մասով դատական ակտի մասին թարմ տեղեկությունները սակավ են, նրա մերձավոր շրջապատի և գործընկերների նկատմամբ հարուցված են տասնյակ հայցեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքը պետությանը վերադարձնելու պահանջով:

Այստեղ առկա է ևս մեկ խնդիր. եթե ինչո՞ւ բուժհաստատությունը չի կարողացել մարել վառելիքի պարտքը։ Գուցե ֆինանսական կառավարումը գտնվում է թո՞ւյլ վերահսկողության ներքո, կամ տեղի են ունեցել անարդյունավետ ծախսե՞ր։


Պարզ չէ նաև, թե ի՞նչ դեր է ունեցել Առողջապահության նախարարությունն այս խնդրում։ Ենթադրելի է, որ նախարարությունը պատշաճ ուշադրություն չի դարձրել բուհաստատությանը։ Իսկ գուցե նա՞ է դրդել Աբովյանի ծննդատանը, որ վերջինս չվճարի սպառած վառելիքի դիմաց, ինչպես ասում են՝ «գցի» «Ֆլեշ»-ին, քանի որ նրա տերը նախկինում նախկինների հետ էր։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ