Արտաքին 10 ամիս առաջ - 19:43 16-12-2025

ԵՄ-ն Փաշինյանի անօրինական քայլերը կլեգիտիմացնի՝ դա ներկայացնելով ՌԴ-ի հիբրիդային հարձակման կանխում

2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը օգնություն է խնդրել ԵՄ-ից։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ այս հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի՝ այսօր Բրյուսելում կայանալիք նախաճաշի ընթացքում։

«Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային», - նշել է Կալլասը։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, ով նծեց, որ սա հերթական թատերական ներկայացումն է։

«Իմ գնահատմամբ՝ այն պահանջները, որոնք ներկայացվում են Հայաստանի իշխանությունների կողմից, առավելապես կրում են թատերական բնույթ։ Իրականում Եվրոպական միության ներկայիս բյուրոկրատիան մշտապես աջակցել է և այսօր էլ շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին։ Նրա բոլոր հիմնական քաղաքական քայլերի հետևում կանգնած է Բրյուսելյան քաղաքական վերնախավը՝ որպես Եվրամիության որոշում կայացնող շրջանակ։

Այս համատեքստում Եվրամիության համապատասխան հայտարարությունը անհրաժեշտ էր հենց Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու համար, որ Արևմուտք–Ռուսաստան խորացող հակամարտության պայմաններում Հայաստանը միանշանակ դիրքավորվում է Արևմուտքի կողմում։ Սա, ըստ էության, նաև հնարավորություն է տալիս նախապես արդարացնել այն հնարավոր անօրինականություններն ու ճնշումները, որոնք իշխանությունները կարող են կիրառել ընտրություններից առաջ՝ դրանք ներկայացնելով որպես քայլեր Հայաստանի «պաշտպանության» համար Ռուսաստանի ենթադրյալ հիբրիդային ազդեցությունից։

Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին կամ հանրային ոլորտին ուղղվող 15 միլիոն դոլարի աջակցության մասին խոսքերին, ապա դա երկրորդական նշանակություն ունի։ Նախկինում բազմիցս տրամադրվել են շատ ավելի մեծ գումարներ տարբեր ծրագրերի շրջանակում։ Այս հայտարարության հիմնական նշանակությունն այն է, որ այն քաղաքական լեգիտիմացում է ապահովում գործող իշխանությունների համար։

Իշխանությունները փորձում են ներկայացնել, թե Հայաստանը և նրա ներկայիս կառավարությունը անվերապահորեն աջակցում են Եվրամիությանը, այն պարագայում, երբ Եվրամիությունն այսօր գտնվում է խոր հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացները, այդ թվում՝ տարբեր դերակատարների միջև հնարավոր բանակցությունները, ցույց են տալիս, որ Եվրամիությունը հաճախ գործում է այնպես, որ պատերազմը չկանգնեցվի այն պայմաններով, որոնք կարող են լինել իրատեսական տվյալ իրավիճակում։

Այս ամբողջ պատկերը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն գնով պահպանել իշխանությունը։ Այդ ճանապարհին նրա համար կարող են չլինել «կարմիր գծեր», և նա կարող է գնալ նույնիսկ պոտենցիալ անօրինական քայլերի։ Ըստ այս տրամաբանության՝ Եվրամիությունն էլ պատրաստ է աջակցել այդ քայլերին՝ դրանք քողարկելով «ժողովրդավարության պաշտպանություն» և «Ռուսաստանի ազդեցությունից ազատում» ձևակերպումներով»,- նշեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև