Ներքին 1 տարի առաջ - 23:36 13-01-2025

Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։
1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։

Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին[2]» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։

«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։

Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։

Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստույգ չէ Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը:

«Նրանք (խմբ․՝ հայերը) տարհանվեցին Բաքվից 1990 թվականի հունվարին՝ իրենց դեմ ծրագրված ջարդերից հետո»[3],- հետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թվականի փետրվարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։

ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց Բաքվի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխա­նության գոյությանը։

1990 թվականի Բաքվի հայկական ջարդերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությանը։ Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները կրկնվեցին նաև Արցախում՝ 2023 թվականին։ Քաղաքակիրթ ներկայացող Բաքվի ձեռագիրը նույնն էր և՛ 20-րդ դարասկզբին, և՛ 20-րդ դարավերջին, և՛ 21-րդ դարում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
15:11 Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել