Մամուլ 2 տարի առաջ - 07:53 31-10-2023

Ինչու Արցախի պատգամավորները չեն բարձրացնում ինքնորոշման հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Արցախի ժողովուրդը, 1991թ.-ի հանրաքվեով հռչակելով Արցախը անկախ պետություն, ընտրել է իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իշխանությունից, իրավասությունից եւ տարածքային ամբողջականությունից դուրս: Արցախի կարգավիճակի հստակեցման եւ արցախահայության ինքնորոշման հարցը մշտապես եղել է ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի առանցքը, որի շուրջ ծավալվել է բանակցային երկխոսությունը: 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո, սակայն, բանակցային գործընթացը գլխիվայր շրջվեց. ինքնորոշման հարցը ետին պլան մղելով՝ ՀՀ իշխանությունները բանակցությունների հիմնական առարկա հռչակեցին արցախահայերի անվտանգության հարցը:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի՝ զրո կետից մեկնարկի անորոշ ու ձախողված արտաքին քաղաքականությունը հասցրել է նրան, որ այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ, ունենք ամբողջովին հայաթափված Արցախ: Այն, որ Հայաստանի իշխանություններն այլեւս փակված են համարում Արցախի էջը, եւ նրանցից արցախամետ որեւէ քայլ սպասելը միամտություն կլինի, ակնհայտ է, իսկ թե ինչու են լռում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո ՀՀ տեղափոխված արցախցի պատգամավորները եւ պաշտոնյաները, թերեւս որեւէ բացատրություն չունի:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվել է՝ ինչու Արցախի պատգամավորներն այստեղ արտահերթ նիստ չեն հրավիրում եւ Արցախի ինքնորոշման հարց չեն բարձրացնում: Արցախցի պատգամավորը, մեր հարցին պատասխանելով, ասաց, որ ժամանակը կգա, դա էլ կլինի, մինչ այդ դեռ շատ գործեր կան.
«Մենակ արտահերթ նիստ հրավիրելով ու դրանով բավարարվելով չէ, պետք է աշխատանք կատարել վաղվա համար, ինչ-որ պայմաններ ու հեռանկարներ ստեղծել: Սրանք իմ պատկերացումներն են, ես չեմ ասում՝ աշխատանքի արդյունքում ինչ-որ բանի միանգամից կհասնես, բայց ժամանակի ընթացքում տեւական աշխատանքն արդյունք տալիս է: Արտահերթ նիստ հրավիրելը հեշտ է, բայց միայն դա չէ. պատկերացրե՛ք՝ նիստ հրավիրեցինք, հայտարարություն տարածեցինք ու գնացինք տներով. այդպես չի լինի: Պետք է ծրագրված քայլերով աշխատանք տարվի, չպետք է նիստ անենք, լրագրողները գրեն դրա մասին ու վերջ. սիստեմատիկ քայլեր են պետք»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ դիմել են արդյոք Արցախի՝ ապօրինի գերեվարման մեջ գտնվող ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի տեղակալ Գագիկ Բաղունցին արտահերթ նիստ հրավրելու համար: Բալայանն ասաց, որ զրուցել է նրա հետ, բայց արտահերթ նիստի հարց չի քննարկվել: Թե ինչու են հապաղում արցախցի պատգամավորները, անհասկանալի է, բայց այն, որ ժամանակը միայն ու միայն մեր դեմ է աշխատում, պարզ է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի