Մշակույթ 3 տարի առաջ - 12:48 01-04-2023

Լայնախոհ ու ծանրակշիռ գիտնականը․ այսօր ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ծննդյան օրն է

Գևորգ Ջահուկյանն այն բացառիկ հետազոտողներից է, որոնց հետաքրքրությունների շրջանակն արտակարգ լայն է ու բազմազան։ Գրեթե չկա հայերենագիտության մի բնագավառ, որտեղ նա ասած չլինի իր ծանրակշիռ ու վճռական խոսքը։

Այսօր մեծահռչակ հայագետի ծննդյան օրն է։

Գ. Ջահուկյանի դասախոսական աշխատանքն սկսվել է 1945 թվականից Երևանի պետական համալսարանում և շարունակվել մինչև կյանքի վերջը։ Այդ ժամանակամիջոցում նա դասավանդել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։ 1948-1956 թթ. Ջահուկյանը ղեկավարել է Երևանի համալսարանի օտար լեզուների, իսկ 1957-1970թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնը։



Նշանավոր լեզվաբանի գիտական գործունեության նոր և կարևոր փուլը սկսվում է 1962թ., երբ նա նշանակվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն։ Այստեղ է, որ նա իր գիտելիքները, փորձը և գիտության կազմակերպչի ձիրքը ի սպաս է դնում լեզվաբանության տարբեր բնագավառների հետագա զարգացմանը։ Գ. Ջահուկյանի ղեկավարությամբ մշակվում են ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները, կենտրոնացվում են ուժերը կարևորագույն հայագիտական և ընդհանուր լեզվաբանական թեմաների վրա, պատրաստվում են բարձրորակ գիտական կադրեր։

Գիտական և մանկավարժական աշխատանքը Գ. Ջահուկյանը զուգակցել է հասարակական ակտիվ գործունեության հետ։ Երկար տարիներ նա անփոփոխ գլխավորել է լեզվի ինստիտուտին կից̀ գիտական աստիճաններ շնորհող խորհուրդը, կատարել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի փոխնախագահի պարտականությունները, գործուն մասնակցություն է ունեցել բարձրագույն կրթության և լուսավորության նախարարությունների մեթոդական խորհուրդների աշխատանքներին, դասախոսություններով, հանդիպումներով և զրույցներով մեծ նպաստ բերել դասախոսների և ուսանողների մասնագիտական մակարդակի բարձրացմանը։ Գ. Ջահուկյանի գիտական և մանկավարժական բեղմնավոր գործունեությունն ստանում է իր արժանի գնահատականը. 1956թ. նրան շնորհվում է գիտության վաստակավոր գործչի կոչում, 1968թ. ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, իսկ 1974թ.՝ ակադեմիկոս։

Մեծ է Ջահուկյանի ներդրումը ինչպես հայ, այնպես էլ ընդհանուր լեզվաբանության և հնդեվրոպաբանության մեջ։ Նրան է պատկանում նաև բարբառների դասակարգման նորագույն մեթոդի գյուտը՝ բազմահատկանիշ դասակարգումը, որի հիմքում ընկած է 100 տարաբնույթ հատկանիշների զուգորդումը։ Նա նաև փորձել է հարստացնել իր մեծ ուսուցչի՝ Աճառյանի ստուգաբանական փորձը․ իր ստուգաբանական բառարանում նա հավելել է շուրջ 1000 նոր արմատներ։

Ջահուկյանը զարգացման մի նոր մակարդակի վրա բարձրացրեց հայ լեզվաբանական միտքը, որի շնորհիվ այն սկսեց քայլել աշխարհի լեզվաբանական մտքին համաքայլ։


Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ