Արտաքին 3 տարի առաջ - 00:13 13-12-2022

Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցները միացել են Լաչինի միջանցքը փակած «բնապահպան ակտիվիստներին»

Ադրբեջանական թելեգրամյան ալիքները հայտնում են, որ ադրբեջանցի այսպես կոչված ակտիվիստները, որոնք գրեթե մեկ օր փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, Շուշի-Ստեփանակերտ հատվածում սկսել են նոր վրաններ տեղադրել։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Haqqin.az» լրատվականը, ճանապարհը փակած «բնապահպան ակտիվիստներին» միացել են նաև Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի «հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտավորականները, բնապահպանները, ուսանողնենր և քաղաքացիական ակտիվիստները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին շարունակում են իրենց բողոքի ակցիան»։ Վերջիններս պահանջում են, որ Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությունը թույլ տա ադրբեջանցի բնապահպաններին ստուգումներ իրականացնել Մարտակերտի շրջանի երկու հանքերի տարածքում, որոնք ըստ ադրբեջանական կողմի «ապօրինի կերպով են շահագործվում»։

Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության ընկերության «Կին. խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար Դիլարա Էֆենդիևան ադրբեջանական «Azeri Daily» լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն ամբողջությամբ արգելափակված է «ցուցարարների կողմից»։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրենց ակցիան ուղղված է ոչ թե Արցախի հայ բնակչության, այլ ռուսական խաղաղապահ ուժերի դեմ։

Էֆենդիևան նշել է, որ իրենք «չեն խոչընդոտում, որ Արցախի բնակիչների մեքենաները երթևեկեն ճանապարհով»։ «Մեր ակցիայի նպատակն է բողոքել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության դեմ, որոնք թույլ չեն տալիս մեր բնապահպաններին մուտք գործել տարածք և ստուգել օգտակար հանածոների հանքավայրերը, մասնավորապես՝ Դրմբոնի ոսկու հանքավայրը և Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը, որն ավելի քան 30 տարի «զավթիչների կողմից» շահագործվել է»,- ասել է նա։

Նա նշել է, որ այսպես կոչված օկուպացիայի տարիներին «Հայաստանը ոչ միայն թալանել է Ադրբեջանի բնական պաշարները, այլ նաև հսկայական վնաս է հասցրել երկրի շրջակա միջավայրին»։ Էֆենդիևայի խոսքով՝ իրենց անհրաժեշտ է լիարժեք պատկերացում կազվել Արցախի բնությանը հասցված բնապահպանական վնասի մասշտաբների մասին։

Վերջինս նշել է, որ «հանքավայրերի չարտոնված շահագործումն ուղեկցվել է եզակի պահպանվող անտառների հատումներով, ծանր քիմիական տարրերով հողի աղտոտմամբ, հազվագյուտ կենդանիների կենսամիջավայրի խախտմամբ և այլն։

«Մենք հստակ չգիտենք, թե ինչպես են հեռացվել արտադրական թափոնները, բայց կասկած չկա, որ «երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում» կուտակված բնապահպանական սպառնալիքը տարածաշրջանային բնույթ ունի և վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի էկոլոգիայի համար։ Պետք է հասկանալ, որ սնդիկը և այլ վտանգավոր քիմիական նյութերը մեծապես օգտագործվում են ոսկու արդյունահանման գործընթացում»,- ասել է նա։

Էֆենդիևան հավելել է, որ ցուցարարները ճանապարհը փակ են պահելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց հետ չի հանդիպել ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։ Նրա խոսքով՝ իրենք Վոլկովին հանդիպան առաջարկ են արել, սակայն նա դեռևս չի արձագանքել։ «Քանի դեռ հանդիպումը չի կայացել, ու մեր պահանջները չեն կատարվել, ցուցարարներից ոչ մեկն իր տեղից չի շարժվի»,- ասել է նա։

Էֆենդիևայի խոսքով՝ ակցիային մասնակցում են «Ադրբեջանի շուրջ չորս հարյուր հասարակական և բնապահպանական ակտիվիստներ», որոնց ռուս խաղաղապահները հետևում են Գորիսից և Ստեփանակերտից։



Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»