Արտաքին 3 տարի առաջ - 17:45 15-11-2022

Թուրքիան ավելի վճռական է դարձել Ռուսաստանի ազդեցության գոտի տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում


Թուրքական «Star» պարբերականում թարգմանաբար ներկայացվել է արաբական մամուլում «Էրդողանն ակտիվ քայլեր է անում Միջին Ասիայում ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ» խորագրով հրապարակված հոդվածը, որում ներկայացված են Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ մի քանի վերլուծաբանների տեսակետները։ Հոդվածում ներկայացված վերլուծաբանների համոզմամբ՝ Թուրքիան տարբեր ոլորտներում խորացնում է իր համագործակցությունը Միջին Ասիայի թյուրքլեզու պետությունների հետ, իսկ Ռուսաստանն այլևս չի կարողանում խոչընդոտել դրան։

Հաղորդվում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը մի շարք մտահոգություններ, ինչպես նաև նոր հնարավորություններ է ստեղծել եվրասիական տարածաշրջանում Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրների համար։ Հրապարակման համաձայն՝ տարածաշրջանում Մոսկվայի ստեղծած անվտանգային ու տնտեսական մեխանիզմները փլուզման եզրին են։

Հոդվածում ուշադրություն է հրավիրվել այն բանին, որ նման իրավիճակում Էրդողանը, օգտվելով Ռուսաստանի ուշադրության շեղումից, Միջին Ասիայում ակտիվ քայլեր է ձեռնարկում և այդտեղի հետխորհրդային երկրներին կոչ անում խորացնել հարաբերություններն իր հետ: Հրապարակման մեջ առկա կարծիքների համաձայն՝ Ուկրաինայում պատերազմի երկարաձգման պարագայում Թուրքիան ավելի վճռական է դարձել Ռուսաստանի ազդեցության գոտի հանդիսացող տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու հարցում։

Բացի այդ հոդվածում նշվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը վախեցրել է Մոսկվայի միջինասիական հարևաններին։ Հրապարակման համաձայն տարածաշրջանի ամենամեծ երկիր Ղազախստանը և բնակչության թվով ամենամեծ երկիր Ուզբեկստանը ստիպված են մտածել այլ տեղերում դաշինքներ փնտրելու մասին և այս համատեքստում կարևորվել է հենց Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գործունեությունը։

Միևնույն ժամանակ հոդվածում հիշեցվել է Էրդողանի ելույթը վերոհիշյալ կազմակերպության գագաթաժողովում, որտեղ վերջինս կարևորել էր կազմակերպության անդամ երկրների միջև բոլոր ոլորտներում համագործակցության, համերաշխության և ներդաշնակության ամրապնդումը:
Թուրքիայի նախագահն առաջարկել էր նաև գործողություններն արագացնելու համար թյուրքական ներդրումների ֆոնդ հիմնել: Ղրղզստանի նախագահն էլ պնդել էր, որ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու համաև անհրաժեշտ է մատակարարման նոր ուղիներ գտնելու հարցում ավելի սերտ համագործակցել:

«Մոսկվան իր ազդեցությամբ ու կշռով ի սկզբանե խոչընդոտել է թյուրքական հասարակության ձևավորման երազանքին։ Սակայն 2020-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը, ապա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան նոր թափ են հաղորդել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացման փնտրտուքին»,- ասել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Բայրամ Բալջըն։ Նա հավելել է, որ ներկայումս տեղի է ունենում թյուրքական պետությունների միության վերաձևում:

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Միջին Ասիայի հարցերով փորձագետ Անդրեյ Գրոզինն էլ շեշտել է, որ Թուրքիան ու Ռուսաստանն անգամ մի շարք աշխարհաքաղաքական հարցերում անհամաձայնության դեպքում համագործակցում են, և միջին Ասիայում նույնպես կկարողանան գտնել համագործակցության եզրեր։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ