Միտք 4 տարի առաջ - 21:25 29-04-2022

Աղբի ազգայինն է լավը…

Ակա՛նջդ կանչի, Հայաստանից արտաքսված «Սանիտեք»…

Ի խորոց սրտի արված հիշատակությունս վերաբերում է մայրաքաղաք Երևանում ոչ վաղ անցյալում սանմաքրման և աղբահանության աշխատանքներ իրականացրած լիբանանյան ընկերությանը: Վերջինիս առանձնակի կարոտով մտաբերեցի աղբահավաք մեքենայի հերթական հայտնությունից հետո: «Պատմական» այդ իրադարձությունը, որպես կանոն, մեր բակում նշանավորվում է մեծ շառավիղ և երկար ժամանակահատված ընդգրկող տևական գարշահոտությամբ: «Սանիթեքին» փոխարինած աղբահավաքները (փոքրաթիվ «ԿԱՄԱԶ»-ները չէ, այլ՝ բաց թափքով մեքենաները), ասես հոգին ավանդած ԽՍՀՄ-ի «քյարթու» արտապատկերը լինեն: Խեղճուկրակ, պատմության խորխորատներից պեղված մեքենաներին ամենևին չեն զիջում նույնքան խեղճուկրակ, նույնքան «սովալլուկ» վարորդները: Համապատասխան արտահագուստի բացակայությունը դեռ ոչինչ, համապատասխան հնարավորություններից զուրկ լինելու պատճառով, երկուսը մեկում մեկտեղող վարորդները, հարկադրված իրենց քաշին գերազանցող բահերով են աղբահորերից աղբը դատարկում թափքի մեջ: Խորհրդային «մակնիշի» այս «հովվերգության» ամբողջականությանը խանգարում է հանրահայտ, բոլորին քաջածանոթ զանգը, որը խորհուրդների գոյության օրոք առավոտ կանուխ «հորդորում» էր մոտակա շենքերի բնակիչներին՝ աղբը տներից դուրս հանել… Լիբանանյան ընկերության կողմից մատուցված անաղմուկ ու անհոտ ծառայության հանդեպ «նոստալջին» հատկապես սաստկանում է տաք եղանակներին, երբ «աշխարհասփյուռ» բույրին ավելանում են զմրուխտագույն, գերպարարտ ճանճերը… Այստեղ մեղք կլինի չհիշել ոսկե ֆոնդին արժանի՝ «Хотели как лучше, а получилось как всегда» չերնոմիրդինյան «աքսիոմը»:

Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ խոստումնալի էր «աղբահանության նոր ժամանակաշրջանի» սկզբի ավետումը: 2012-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ արևմտյան հատվածում՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l » ընկերությունը, արևելյան հատվածում՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» և «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը: Զարգացումների հետագա ընթացքին դուք արդեն տեղյակ եք: Երբեմնի օպերատորներին նորերն են փոխարինել՝ վերը նկարագրված իրենց գործելաոճով: Հավելեմ նաև, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հեղինակած «Աղբահանության համակարգի ռազմավարության» նախագիծը ներկայացվել է Կառավարության դատին: Ասում են, որ այն լրամշակվում է, որ դեռևս ստուգապես հայտնի չէ, թե որքան աղբ է գնում աղբավայր, ճշտվում են աղբի քանակին, բաղադրությանը, կալորիականությանն առնչվող մի շարք հարցեր ևս:

Հայտնի է, որ հետազոտական որոշակի աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Յակոբյան բնապահպանական կենտրոնում»: Այդ նախագծում հիշատակվում է, որ սանիտարական աղբավայրերի ներդրմանը զուգահեռ փակվելու են հանրապետության տարածքում ներկա պահին գործող բոլոր 340 աղբավայրերը, որոնք չեն համապատասխանում միջազգային՝ բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարահիգենիկ չափանիշներին: Եվրամիության առջև ստանձնած պարտավորության համաձայն, մինչև 2024 թվականը Հայաստանը պետք է ունենա սանիտարահիգենիկ բոլոր չափանիշներին համապատասխան նման հինգ աղբավայր:

Իսկ մինչ այդ… Մինչ այդ աղբը շարունակելու է մնալ մեր ազգային «հարստությունը»: Հարստություն, որը ոչ մի դեպքում սեփական տնից դուրս պիտի չգա: Այնպես որ, հարգելի հավակնորդներ, ձեռքներդ հեռու մեր «ազգային պահոցներից»: Մեզ ոչ ձեր մաքրարարությունն է անհրաժեշտ, ոչ էլ ձեր վերամշակում, մեթան գազի ստացման մասին էլ չեմ խոսում…Բավարարվեք որակական հատկանիշներով հայկականին էապես զիջող ձեր սեփական աղբով…Բավական է…

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ